Մակրոն. Ֆրանսիան հանձնառու է ԼՂ հարցին բանակցությունների ճանապարհով մնայուն լուծում գտնելուն

Մակրոն. Ֆրանսիան հանձնառու է ԼՂ հարցին բանակցությունների ճանապարհով մնայուն լուծում գտնելուն

PanARMENIAN.Net - Ֆրանսիան Հայաստանի և աշխարհի բոլոր կողմերում ապրող հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է ու ամբողջությամբ հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հարցին բանակցությունների ճանապարհով մնայուն լուծում գտնելուն՝ հօգուտ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։ Այդ մասին գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսին հղած նամակում:

Նամակում, որը Արամ Առաջինը ստացել է նոյեմբերի 6-ի առավոտյան, Ֆրանսիայի նախագահը, նշել է, որ «Հայոց ցեղասպանությունից 100 տարի հետո Միջին Արևելքը տակավին ապրում է բռնության ու բռնակալության մթնոլորտում», և վստահեցրել, թե Ֆրանսիան, «հավատարիմ իր կեցվածքին, շարունակելու է շեշտել ճշմարտության հրամայականը և հավաքական հիշողության պահպանման կարևորությունը աշխարհի բոլոր երկրներում, ներառյալ՝ Թուրքիայում», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքէջի վրա հղումով:

Մակրոնը գրել է, որ Ֆրանսիան «միջազգային իր դաշնակիցների հետ կշարունակի աշխատել հանուն խաղաղության և անվտանգության, հատկապես՝ Միջին Արևելքում, պահպանելով ազգային ու կրոնական բազմազանությունը և ինքնությունը, որ շրջանի յուրահատուկ հատկանիշներից է»։ «Ֆրանսիան նաև շարունակելու է պայքարել ծայրահեղականության դեմ՝ պաշտպանելով ազգային և կրոնական ծայրահեղականության ու բռնության զոհ դարձած համայնքներին», - ասված է նամակում:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ Ֆրանսիայի նախագահը շեշտել է «արդարության վրա հիմնված քաղաքական լուծման կարևորությունը, որպեսզի Սիրիայի ժողովուրդը կազմող ազգային ու կրոնական համայնքները կարողանան ապրել խաղաղության մեջ, հարգված տեսնելով իրենց մարդկային իրավունքները»։

Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի և Լիբանանի միջև ամուր բարեկամությունը՝ Լիբանանը որակելով օրինակելի երկիր գոյակցության, բազմազանության և ժողովրդավարության, ուր հայ համայնքը ունի իր կարևոր տեղը։

Ավելի վաղ Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Դանիել Կազարյանը հայտարարել էր, որ ներկայիս նախագահ Մակրոնը, ինչպես նախկին նախագահ Օլանդը, կշարունակի իր ջանքերը հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Ինձ թվում է՝ մի քիչ ժամանակ պետք է տանք մեր նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին: Ոչ մի կասկած չկա, որ նա բավականին ակտիվ կարող է լինել այս խնդրում, ինչպես մյուս համանախագահող երկրները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն»,-ասել էր նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---