Նախարար. Ուսանողների մի մասի ցասումը պարտավորեցնող է՝ անելիքները շատ են

Նախարար. Ուսանողների մի մասի ցասումը պարտավորեցնող է՝ անելիքները շատ են

PanARMENIAN.Net - «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքներն առանցքային են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող պաշտպանության ոլորտում խորքային և արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու համար: Այսպիսի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ ուրախ է, որ նախագծերն ընդունվեցին Ազգային ժողովում` ստանալով խորհրդարանական չորս խմբակցություններից երեքի աջակցությունը:

«Ուսանողների մի հատվածի ցասումը պարտավորեցնող է ինձ համար՝ որպես պաշտպանության նախարարի՝ նրանց գործով ապացուցելու, որ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը որակապես նոր մակարդակի են բարձրացնելու թե՛ մեր անվտանգության և պաշտպանության խնդիրների լուծումները, թե՛ բանակ-հասարակություն կապը և թե՛, որն իմ և պաշտպանության համակարգի համար ոչ պակաս կարևոր է, գիտության խթանման գործում բանակի շարունակական դերակատարումը»,-ասվում է գրառման մեջ:

Նա հավելել է, որ ՊՆ-ն կշարունակի սերտ փոխգործակցությունը բոլոր, ինչպես նախաձեռնությանը սատարած, այդպես էլ՝ իրենց անհամաձայնությունը հայտնած շահառուների հետ` քաղաքական կուսակցություններից և Հանրային խորհրդից մինչև ուսանողական պաշտոնական և ոչ պաշտոնական միավորումներ:

Նախարարը նշել է, որ այս օրենքների արդյունավետ ներդրումը պահանջելու է տասնյակ ենթաօրենսդրական ակտերի ընդունում:

«Ուզում եմ հստակ արձանագրել` սա չեմ համարում իմ հաղթանակը որևէ մեկի նկատմամբ կամ որևէ մեկի պարտությունը: Մենք բոլորս ունենք հայացքներ, կարծիքներ և մոտեցումներ, որոնք կարող են ամենատարբեր արտահայտման ձևերը գտնել: Պարզ է, որ խորհրդարանական մեծամասնություն ունեցող ուժը պետք է ի վիճակի լինի ձևավորել իր կողմից առաջարկվող քաղաքականության իրավական հիմքերը, իսկ ընդդիմախոսները պետք է փորձեն հակակշռել օրենսդիր և գործադիր իշխանություն ունեցող այդ ուժին: Սա է ժողովրդավարության պահանջը:

Ցանկացած պարագայում, մեծամասնության պարտավորությունն է ապահովել օրենքի ներդրման և իրագործման փուլում բոլոր քաղաքացիների՝ անկախ այդ քաղաքականության նկատմամբ նրանց վերաբերմունքից, հավասարությունն ու հետագա ներգրավվածությունը քաղաքականության արդյունավետ կիրառման խնդիրներում»,-նշել է Սարգսյանը:

Տարկետման իրավունքի վերացման դեմ դասադուլ հայտարարած ուսանողները նոյեմբերի 15-ին փակել էին Դեմիրճյան փողոցը, նրանցից մի քանիսը նաև հացադուլ էին հայտարարել: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ իրենք դադարեցնում են դասադուլն ու հացադուլը և անցնում կլոր սեղան ձևաչափով քննարկումների։

Նոյեմբերի 15-ի առավոտյան նիստում ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Համաձայն օրինագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---