UWC քոլեջների աշակերտներին $7,5 մլն-ի կրթաթոշակ կհատկացվի

UWC քոլեջների աշակերտներին $7,5 մլն-ի կրթաթոշակ կհատկացվի

PanARMENIAN.Net - Սոցիալական ներդրողներ ու գործարարներ Ռուբեն Վարդանյանն և Վերոնիկա Զոնաբենդը, Հնդկաստանում տեղակայված Mahindra Group ընկերությունների միջազգային խմբի կառավարման խորհրդի նախագահ Անանդ Մահինդրայի հետ համատեղ, $7,5 միլիոն կրթաթոշակ են հատկացնում աշխարհի տարբեր երկրների շնորհալի աշակերտներին:

Կրթաթոշակը կտրամադրվի այն անձանց, որոնք պատրաստվում են սովորել Աշխարհի միացյալ քոլեջներ (United World Colleges - UWC) կրթական ցանցի դպրոցներից կամ քոլեջներից որևէ մեկում, սակայն չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կրթության ծախսերն ինքնուրույն հոգալու համար։

Վերոնշյալ բոլոր գործիչները սատարում են UWC կրթական շարժմանը․ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը 2014-ին Հայաստանում հիմնել են UWC Դիլիջան դպրոցը, իսկ Mahindra Group ընկերությունների խումբը՝ Անանդ Մահինդրայի գլխավորությամբ, 1997-ին Հնդկաստանում բացել է UWC Mahindra քոլեջը։

Ըստ ձեռքբերված պայմանավորվածության, Mahindra Group-ը կհատկացնի 150 միլիոն հնդկական ռուփի (մոտ $2,3 մլն) UWC Mahindra քոլեջի աշակերտների կրթաթոշակները հինգ տարվա ընթացքում վճարելու համար։ Նշված գումարի կեսն ուղղվելու է Հնդկաստանի քաղաքացիների, իսկ մյուս կեսը՝ այդ երկրի սահմաններից դուրս գործող UWC ազգային կոմիտեների կողմից ընտրված աշակերտների համար կրթաթոշակ տրամադրելուն։

Ռուբեն Վարդանյանի ու Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնադրված Scholae Mundi հիմնադրամը կհատկացնի մոտ $5,2 միլիոն՝ գալիք ուսումնական տարում կրթաթոշակներ տրամադրելու համար։ Այդ գումարից $3,7 միլիոնը ուղղվելու է UWC Դիլիջան դպրոցում սովորող օտարերկրացի աշակերտների համար կրթաթոշակներին։ Գումարի մնացած մասը՝ $ 1,5 միլիոնը, որպես կրթաթոշակ տրամադրվելու է Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի այն աշակերտներին, որոնք կսովորեն տարբեր երկրներում գտնվող UWC ցանցի 16 դպրոցներից և քոլեջներից մեկում, այդ թվում՝ UWC Mahindra քոլեջում։

Scholae Mundi հիմնադրամն ավելի վաղ հայտարարել էր գալիք տարիների համար կրթաթոշակային ծրագրեր ֆինանսավորելու մտադրության մասին։

Ձգտելով ընդգծել կրթաթոշակային ծրագրերի կարևորությունը՝ UWC Mahindra քոլեջն ու UWC Դիլիջան դպրոցը հայտարարում են «խաչաձև» կրթաթոշակների տրամադրման պատրաստակամության մասին․ UWC Mahindra քոլեջը կհատկացնի մեկ տեղ և 100%-ով կհոգա ուսման և բնակության ծախսերը հայաստանցի աշակերտի համար, իսկ UWC Դիլիջան դպրոցը նույն պայմաններով կընդունի հնդիկ աշակերտներին գալիք հինգ տարիների ընթացքում։

«Հայտնի գործարարների այս բացառիկ նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի ավելի մեծ թվով երիտասարդների դառնալ UWC շարժման մաս և ստանալ համաշխարհային կարգի միջազգային կրթություն։ UWC ցանցի 17 քոլեջներից մեկում ապրելն ու սովորելը թույլ կտա նրանց ձեռք բերել միջմշակութային շփման փորձ ու հմտություն, ինչն անհրաժեշտ է հասարակական կարծիքի առաջնորդներ դառնալու և դրական փոփոխությունների համար»,- ասել է UWC միջազգային խորհրդի նախագահ Ջոն Դենիելը։

«Այսօր բարդ, անկանխատեսելի ու արագ փոխվող աշխարհում չափազանց կարևոր է լայն հնարավորություններ ընձեռել տաղանդավոր երիտասարդներին, ովքեր առաջնորդ դառնալու մեծ ներուժ ունեն։ Մենք հույս ունենք, որ մեր կողմից ստեղծված կրթաթոշակային ծրագիրը շարժիչ ուժ կդառնա աշխարհում UWC շարժման ազդեցության տարածման համար և կնպաստի նոր սերնդի շրջանում այնպիսի պայծառ առաջնորդների պատրաստմանը», - հայտարարել է Mahindra Group-ի կառավարման խորհրդի նախագահ Անանդ Մահինդրան։

«Մեր փոխկապակցված և արագ փոխվող աշխարհում չափազանց կարևոր է դաստիարակել ու մեծացնել բաց և մտածող առաջնորդների, համամարդկային արժեքներ կրողների սերունդ, ովքեր կկարողանան ներկայիս անկայուն ժամանակաշրջանում սեփական ճանապարհի սկիզբը դնել և նկատելի դերակատարություն ունենալ տեղական ու գլոբալ համայնքների զարգացման գործում։ Մենք վստահ ենք՝ UWC համակարգում կրթությունը ձևավորում է հենց նմանատիպ առաջանորդների, իսկ Scholae Mundi հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը կնպաստի այդ ցանցում ներառականության զարգացմանը»,- ասել է UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր և կառավարման խորհրդի նախագահ, UWC շարժման (Մեծ Բրիտանիա) Հոգաբարձուների խորհրդի անդամ Վերոնիկա Զոնաբենդը։

UWC-ն համաշխարհային կրթական շարժում է, որի առաքելությունն է կրթությունը վերածել մարդկանց, ազգությունները և մշակույթները միավորող ուժի՝ հանուն խաղաղ ու կայուն ապագայի։ UWC կրթական ցանցը միավորում է 17 միջազգային դպրոց ու քոլեջ, որոնք տեղակայված են աշխարհի չորս մայրցամաքներում, և 159 երկրներում գործող ազգային կոմիտեներ, որոնց կամավորները զբաղվում են UWC կրթաթոշակառուների ընտրությամբ՝ անկախ վերջիններիս սոցիալական և նյութական կարգավիճակից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---