Շվեյցարացի գինեգործները մտադիր են ներդրումներ անել Վայոց ձորում

Շվեյցարացի գինեգործները մտադիր են ներդրումներ անել Վայոց ձորում

PanARMENIAN.Net - Շվեյցարացի գինեգործները մտադիր են ներդրումներ կատարել Հայաստանում: Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 30-ին ընդունել է շվեյցարացի գործարար Ջեյքբ Շուլերին, որը ներկայացնում է Շվեյցարիայի ամենահայտնի գինու տներից մեկը՝ Schuler St. Jakobs Kellerei-ը: Ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում:

Կարեն Կարապետյանը ողջունել է շվեյցարացի գործարարի՝ Հայաստանում գինեգործության ոլորտում ներդրումներ կատարելու նախաձեռնությունը և կառավարության անունից ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնել: «ՀՀ կառավարությունը կարևորում է, որպեսզի յուրաքանչյուր ներդրող մեր երկրում իրեն լավ զգա: Մենք պատրաստ ենք կանգնել Ձեր կողքին և աջակցել Հայաստանում Ձեր բիզնեսի զարգացմանը», - նշել է վարչապետը:

Ջեյքբ Շուլերը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և գոհունակություն հայտնել մեր երկրում օտարերկրյա ներդրողների համար ստեղծված պայմաններից: Նա ներկայացրել է Schuler St Jakobs Kellerei-ի գործունեությունը և նշել, որ Հայաստանում ստեղծված է բավական նպաստավոր միջավայր՝ բիզնես գործունեություն ծավալելու համար: Շվեյցարացի գործարարը նշել է, որ իր ներկայացրած ընկերությունը շահագրգռված է ներդրումային ծրագրեր իրականացնել գինեգործության հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանում և նպաստել ոլորտի հետագա զարգացմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Շուլեր ընտանիքը գինեգործությամբ է զբաղվում ավելի քան 300 տարի: Schuler St Jakobs Kellerei-ը պատկանում է գինեգործական ձեռնարկությունների թվին, որոնք ունեն սեփական գինու արտադրություն և վաճառքի ցանցեր:

Ընկերությունն ունի 12 գինու խանութ, երկու գինեգործական տարածք Շվեյցարիայում և առաջարկում է ավելի քան 250 բացառիկ գինիներ՝ ամբողջ աշխարհից և արդեն Հայաստանից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---