Ազնավուր. ՀՀ ղեկավարներին չեմ խնայում՝ ասում եմ այն, ինչ մտածում եմ

Ազնավուր. ՀՀ ղեկավարներին չեմ խնայում՝ ասում եմ այն, ինչ մտածում եմ

PanARMENIAN.Net - Պետք է գիտակցել, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես Հայաստանը մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ, իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները: Այդ մասին հայտարարել է ֆրանսահայ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին այս ամիս տված հարցազրույցում:

«Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ»-, հավելել է երգահանը՝ դա անընդունելի համարելով, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Շանսոնյեի խոսքով, ինքն այս թեմայի շուրջ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ․ «Ես նրանց չեմ խնայում: Ասում եմ այն, ինչ որ մտածում եմ»:

Ազնավուրը նշել է, որ իր գործունեությամբ ջանում է անել այնպես, որ Հայաստանն ունենա շատ բարեկամներ․ «Ես կոչ եմ անում մարդկանց ներդրումներ կատարել Հայաստանում, նվիրվել Հայաստանին»:

Ըստ նրա Հայաստանն այժմ շատ վատ ուղու վրա չէ, առաջ է գնում, որոշ բաներ լավ են, գլխավոր խոչընդոտը՝ կոմունիստական հասարակարգի թողած դրոշմն է, որից ամբողջապես ազատվելու համար դեռ մի քիչ ճանապարհ պետք է անցնել:

Շանսոնյեն անդրադարձել է նաև «Շառլ Ազնավուր» հիմնադրամին, որը փոխարինում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված «Ազնավուրը Հայաստանի համար» միությանը: Ազնավուրը նշել է, որ հիմնադրամը շարունակում է նախորդի մարդասիրական գործունեությունը՝ տուն ու տանիքից զուրկ մարդկանց օգնելու համար, բայց նաև մշակութային գործունեություն է ծավալելու:

Նույն հարցազրույցում Ազնավուրն անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախկին և ներկա նախագահներին՝ Ֆրանսուա Օլանդին և Էմանյուել Մակրոնին: «Պետք է դեռ թողնել, որ նա աշխատի, պետք է վստահություն ցուցաբերել նրա հանդեպ», - ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ ինքը մտադիր է Հայաստան հրավիրել Մակրոնին: «Մի հրավեր, որը պետք է նախապատրաստել այնպես, որ այն օգտակար հանդիսանա Հայաստանի համար»,-հավելել է նա:

Ֆրանսահայ երգիչը շարունակում է համերգներով հանդես գալ: Փարիզի ամենամեծ համերգասրահում նրա վերջին մենահամերգին մամուլը բազմաթիվ գրախոսականներով է արձագանքել՝ Ազնավուրին որակելով իբրև «ֆրանսիական երգի վերջին մեծը», ավելին՝ «ֆրանսիական երգի վերջին հսկան»:Ազնավուրը Ֆրանսիայի մի շարք քաղաքներում համերգներով հանդես կգա հունվարի 20-ից մինչև փետրվարի 6-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---