«Երևան 2800»-ի միջոցառումների ծրագիրը ներկայացվել է հանձնաժողովին

«Երևան 2800»-ի միջոցառումների ծրագիրը ներկայացվել է հանձնաժողովին

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի նիստ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը: Քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր:

Կառավարության ղեկավարը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ու շահագրգիռ պետական մարմինների միջև ակտիվ համագործակցությունը՝ համակարգման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար և հանձնարարել գերատեսչությունների ղեկավարներին՝ ըստ իրենց ոլորտների միջոցառումների մասով առաջարկությունների առկայության դեպքում սեղմ ժամկետում դրանք ներկայացնել Երևանի քաղաքապետարան, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի նախագահը վարչապետ Կարեն Կարապետյանն է, փոխնախագահները՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, հանձնաժողովում ընդգրկված են մի շարք նախարարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայ Առաքելական եկեղեցու, գիտական հաստատությունների ղեկավար ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---