Ստամբուլում մեծարել են Արա Գյուլերին

Ստամբուլում մեծարել են Արա Գյուլերին

PanARMENIAN.Net - Թուրքական Ստամբուլումաշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի պատվին հատուկ երեկո է կազմակերպվել:

Միջոցառմանը մասնակցել են հայտնի լուսանկարիչներ, բարձրաստիճան հյուրեր, որոնց թվում է եղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, հայտնում է Ermenihaber-ը:

Նա, ելույթում շեշտելով Արա Գյուլերի աշխատանքների կարևորությունը, ասել է. « Նրա լուսանկարները պատմություն են պատմում. Դալիի պատմությունը, Պիկասոյի պատմությունը: Դա մեզ համար շատ կարևոր է, քանզի մենք պատմություններ, հեքիաթներ ունեցող հողերի զավակներ են»:

Ինքը՝ Արա Գյուլերը նշել է, որ աշխարհում ամենակարևոր տեղեկությունը պատմությունն է, քանի, որ միայն պատմության միջոցով կարող ես անցյալի մասին իմանալ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ստամբուլի քաղաքապետարանն ընդունել է Բեյօղլու թաղամասում գտնվող Թոսբաղա փողոցը ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով վերանվանելու առաջարկը: Արա Գյուլերը երկար տարիներ ապրել է վերոնշյալ փողոցում, ներկայումս էլ այստեղ է գտնվում լուսանկարչի արվեստանոցը:

Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է: Հաճախ նրան անվանում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Ծնվել է Ստամբուլում՝ 1928-ին, հայերի ընտանիքում: Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում, հրատարակել է բազմաթիվ գրքեր: Նա լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալլասին, Ջոն Բերգերին, Բերնարդ Ռասսելին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին, Ինդիրա Գանդիին, Սերգեյ Փարաջանովին և այլոց: Պարգևատրվել է ֆրանսիական Legion d’ honneur, 2005թ.` թուրքական Grand prize of culture and art, 2009թ.` Նյու Յորքի Lucie Award մրցանակներով:

Արա Գյուլերի լուսանկարչական աշխատանքների բազմաթիվ օրինակներ կարելի է գտնել միջազգային հաստատություններում, ինչպիսիք են Փարիզում Ֆրանսիայի ազգային գրադարանը և Շելդոնի հավաքածուն Նեբրասկայի համալսարանում, նաև Բոստոնի, Չիկագոյի և Նյու Յորքի մասնավոր հավաքածուներում: Նրա լուսանկարները ցուցադրված են Քյոլն քաղաքի «Լյուդվիգ» թանգարանում ևս: 2013-ի ամռանն Արա Գյուլերը Հայաստանում էր: Ազգային պատկերասրահում նրա «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էր աշխարհի տարբեր վայրերում արված մոտ 100 լուսանկար: Ցուցահանդեսը մշտական է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---