ՌԴ-ում կործանված ինքնաթիռի երկրորդ օդաչուն և ուղևորներից մեկն ազգությամբ հայեր են

ՌԴ-ում կործանված ինքնաթիռի երկրորդ օդաչուն և ուղևորներից մեկն ազգությամբ հայեր են

PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում կործանվել է Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող «Սարատովյան ավիաուղիների» Ան-148 ինքնաթիռը: Վթարը տեղի է ունեցել «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց: Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Անձնակազմի երկրորդ օդաչուն և ուղևորներից մեկն ազգությամբ հայեր են՝ Սերգեյ Ղամբարյանն ու Վարսիկ Սևոյանը:

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Մերձմոսկովյան արվարձանում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կործանված «Ան-148» ինքնաթիռի երկու պարամետրային ինքնագրերից մեկը, ըստ նախնական տվյալների, նորմալ վիճակում է:

Ան-148 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին 1 մլն ռուբլի կհատկացվի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սարատովյան ավիաուղիներին» պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:«Հայաստանում ցնցված են այդ ողբերգությունից: Մենք անկեղծորեն կարեկցում ենք և կիսում բոլոր այն մարդկանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին: Ընդունեք խորին ցավակցություններ ամբողջ հայ ժողովրդից և անձամբ ինձնից»,-ասված է նախագահի ցավակցական հեռագրում:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալների անունից վշտակցություն է հայտնել Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետին, Ռուսաստանի ժողովրդին ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---