Իսպանական ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցմամբ

Իսպանական ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցմամբ

PanARMENIAN.Net - Իսպանական «ԷՅ-ՍԻ-ԷՍ Կոբրա» (Cobra) ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով: Այդ մասին հայտարարել է ընկերության տարածաշրջանային տնօրեն Ալեխանդրո Ռոդրիգոն, որի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նախարարը դրական է գնահատել իսպանական ընկերության՝ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերին մասնակցության պատրաստակամությունն ու դրանց զարգացման հեռանկարները։

Աշոտ Մանուկյանը մանրամասներ է ներկայացրել հիդրոկայանի կառուցման ծրագրի վերաբերյալ: Նախարարն ընդգծել է, որ իրանցի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան ֆինանսավորման դեպքում, հայկական կողմը ևս կարող է մասնակիցներ ներգրավել նախագծում, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Ալեխանդրո Ռոդրիգոն Աշոտ Մանուկյանին ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը և խոսել զարգացման առաջնահերթությունների մասին, ինչպես նաև քննարկել Հայաստանի հետ էներգետիկայի բնագավառում համագործակցության ծրագրերը:

Նա ընդգծել է, որ աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 300 մասնաճյուղեր ունեցող ընկերությունը գործունեություն է ծավալում նաև էներգետիկայի բնագավառում, մասնավորապես՝ մասնագիտացած է հիդրոկայանների, արևային կայանների, էլեկտրահաղորդման գծերի կառուցման գործում:

2007 թվականի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունները համաձայնագիր են կնքել Մեղրիում և Ղարաչիլարում ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Նախագծի շրջանակում նախատեսվում է սահմանային Արաքս գետի վրա կառուցել երկու ՀԷԿ: 2012 թ. նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը 130 ՄՎտ հզորությամբ: Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի մոտ 800 մլն կՎտ ժամում տարեկան, նախագծի արժեքը մոտ 323 մլն դոլար է: Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան կփոխանցվի Իրանին, իսկ 15 տարի անց ՀԷԿ անհատույց կանցնի հայկական կողմին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---