Հայաստանում համայնքային անասնաբույժների ինստիտուտ կներդրվի

Հայաստանում համայնքային անասնաբույժների ինստիտուտ կներդրվի

PanARMENIAN.Net - Հայաստանում անասնապահության կայուն զարգացումը հնարավոր է միայն ժամանակակից գործիքներով վերազինված բարձրակարգ անասնաբույժների առկայության և անասնաբուժական ծառայությունների համալիր մատուցման դեպքում: Այդ մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Ավստրիական զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերի և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ալավերդյանի հետ հանդիպմանը, որի նպատակն էր գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների քննարկումը:

Նախարար Առաքելյանը նաև տեղեկացրել է, որ կատարված օրենսդրական փոփոխության համաձայն Հայաստանում ներդրվելու է համայնքային անասնաբույժների ինստիտուտ:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել 2017-ի դեկտեմբերին հանրապետությունում մեկնարկած «Անասնապահության զարգացում Հայաստանում` հարավ-հյուսիս» եռամյա ծրագրին, որն իրականացվում է Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 88 գյուղական բնակավայրում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 4,9 մլն եվրո:

Ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից վերջին տարիների ընթացքում Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացված ծրագրերի արդյունքներն ու ձեռք բերված փորձը:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների կայուն գյուղատնտեսական աճին, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար կաթի ու մսի տեղական և արտահանման շուկաների հասանելիությանը, անասնաբուծական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը:

«Անասնապահությունը գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններից է, որի զարգացման համար կարևոր է գյուղատնտեսական կենդանիների նույնականացումն ու հաշվառումը: Սակայն մինչ այդ հարկավոր է բարելավել անասնաբուժական ծառայությունների որակը, վերապատրաստման միջոցով բարձրացնել անասնաբույժների գիտելիքներն ու կատարելագործել նրանց հմտությունները», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը Գերհարդ Շաումբերգերի հետ քննարկել է Ավստրիայի զարգացման գործակալության հետ իրականացող ծրագրերը, մատնանշել առաջիկա համագործակցության հնարավոր ուղղությունները: Մասնավորապես, նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանում մրգի կամ բանջարեղենի վերամշակման շարժական ծառայությունների ներդրման հնարավորությունը: Կարևորելով գյուղատնտեսության ոլորտում կրթության բարձր մակարդակի ապահովումը` նախարարը հնարավոր է համարել պետական կամ մասնավոր ֆերմերային ուսումնական հաստատության հիմնումը, հայտնում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանիների արհեստական սերմնավորմանը, կաթի հավաքման կայանների ստեղծմանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---