Լիմոնովը՝ ղարաբաղցիների մասին. Սարեցի հայերը ոգով ամենամարտականն են

Լիմոնովը՝ ղարաբաղցիների մասին. Սարեցի հայերը ոգով ամենամարտականն են

PanARMENIAN.Net - Հայտնի ռուս գրող, բանաստեղծ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը նոր գիրք է գրել, որը կոչվում է «Մոնղոլիա»:

Հրապարակախոսական վեպը հեղինակի ճամփորդական նոթերն են տարբեր երկրների ու քաղաքների մասին: Գրքում նաև 8 ակնարկ կա Արցախի մասին՝ Առավոտը Ստեփանակերտում, Օազիս, Մոսկվա, Կոտորածի սարսափները, Գյուլիստան, Ղարաբաղյան գյուղում, Որտեղ նախարարները զբոսնում են փողոցում, Եկեղեցիների մասին:

PanARMENIAN.Net ը ներկայացնում է գրողի որոշ մտորումները Ղարաբաղի և նրա բնակիչների մասին:

Էդուարդ Լիմոնովն առաջին անգամ Արցախ է այցելել 2017-ի հունիսին, որտեղ բազում հանդիպումներ է ունեցել ամենատարբեր մարդկանց հետ՝ ուսանողների, պաշտոնյաների, զինվորականների, հասարակական գործիչների: Գրողն ասել էր, որ գիրք է գրելու Ղարաբաղի մասին, քանի որ Ռուսաստանում ԼՂ հիմնախնդրի խեղաթյուրված ընկալում կա: 2017-ի հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Լիմոնովին ընդգրկել է սև ցուցակում՝ արգելելով նրա մուտքը երկիր:

Արցախ այցի ժամանակ «Երկրամասին» տված հարցազրույցում Լիմոնովն ասել էր, որ իրեն Ղարաբաղ է բերել հակաթուրքական տրամադրվածությունը: «Ես սխալ եմ համարում Ռուսաստանի քաղաքականությունը Թուրքիայի հարցում: Ես բազում համապատասխան հոդվածներ եմ գրել, որոնց մասին ինձ ոչ ոք չի խնդրել: Դրանք հայտնվել են տարբեր մարդկանց ուշադրության կենտրոնում, ինձ հետ կապ են հաստատել և հրավիրել Հայաստան: Երբեք չեմ վստահել թուրքերին: Ռուսաստանի ամբողջ պատմությունը ստիպում է մեզ կասկածել նրանց հարցում, այլ դիրքորոշում չունեմ»:

Ղարաբաղ այցից հետո Լիմոնովը «Սվոբոդնայա պրեսա» պարբերականում հրապարակված իր ակնարկում Ղարաբաղն անվանում է քրիստոնեական հողերի եզրը մոլորակի այդ հատվածում: «Կատաղի, ծայրահեղական իսլամի մթնոլորտում պետք է մտածել այդ հողերի մասին»,-գրել է նա:

«Ընդհանրապես Ռուսաստանը համեստ երկիր է: Փոխանակ բղավի Ադրբեջանին. «Կորեք այստեղից, դո՛ւրս, մենք այս հողերն անկախ Ղարաբաղին ենք նվիրում, չէ որ դա նրանց հողն է», մենք լռում ենք»,-ասել է հեղինակը:

Ղարաբաղի բնակիչների մասին նա գրել է. «Ղարաբաղի բնակչությունն ընդամենը 160.000 է: Բայց որքան որակյա՛լ: Սարեցի հայերն ամենամարտական ոգին ունեն: Պետք է դարձնել նրանց մեր բարեկամն ու դաշնակիցը: Չէ որ այնտեղ նրանցից բացի, ոչ ոք չունենք»:

2017-ի հոկտեմբերին Լիմոնոնվը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Հայաստանի մասին. «Հայերի պատմության կողքին նույնիսկ ամոթ է կանգնել: 301-ին Հայաստանը, Բյուզանդիայից առաջ, դարձավ առաջին քրիստոնյա պետությունը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---