ՀՀ նախագահն ու կաթողիկոսը կմասնակցեն Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը

ՀՀ նախագահն ու կաթողիկոսը կմասնակցեն Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ներկայությամբ տեղի կունենա Վատիկանի այգիներում տեղադրված Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Արարողությանը ներկա կլինեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Արարողությունից հետո նախատեսված է Հռոմի Պապի հանդիպումը հայ հոգևոր առաջնորդների հետ, հայտնում է Panorama.am-ը իտալական La Stampa պարբերականի վրա հղումով:

Վատիկանի այգիներում Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքներն ավարտվել են օրեր առաջ: 2 մ բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում:

2016-ի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան քահանայապետին նվիրել էր Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը նվիրելիս նախագահ Սարգսյանը հույս էր հայտնել, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանել է արձանն ու շնորհակալություն հայտնել նախագահին՝ տալով իր համաձայնությունը:

2015-ին Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ»:

Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այդ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ չէր մատուցվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---