ՀՀ-Շվեյցարիա գործարար համաժողով Ժնևում. «Ֆրանկ Մյուլլերի» հետ գործակցության հնարավորություններ կան

ՀՀ-Շվեյցարիա գործարար համաժողով Ժնևում. «Ֆրանկ Մյուլլերի» հետ գործակցության հնարավորություններ կան

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացել է «Հայաստան.բացահայտեք գործարար հնարավորությունները» խորհագրով գործարար համաժողովը: Համաժողովին մասնակցել է մոտ 70 գործարար տարբեր երկրներից:

Կազմակերպվել է նաև այցելություն «Ֆրանկ Մյուլլեր» ընկերություն, որտեղ, հաշվի առնելով ընկերության լայն հետարքրքությունը Հայաստանում գործունեություն ծավալելու նկատմամբ, քննարկվել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Համաժողովը կազմակերպվել էր Ժնև կանտոնի Առևտրաարդյունաբերական պալատի(ԺԱԱՊ), ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության(ՀԱԳՄ) համագործակցությամբ` Շվեյցարիայում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ու համակարգմամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԺԱԱՊ գլխավոր տնօրենի տեղակալ Վինսենթ Սուբիլիան, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը:

Սուբիլիան նշել է, որ շվեյցարական գործարար համայնքը բավականին հետաքրքրված է Հայաստանով և հավելել, որ ձեռնամուխ է լինելու դեպի Հայաստան գործարար պատվիրակության այցի կազմակերպմանը:

Համաժողովի ընթացքում Շվեյցարիայում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը շվեյցարացի, ֆրանսացի և այլ օտարերկրյա գործարարներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային դաշտը և գործարար միջավայրը: Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, ազատ տնտեսական գոտիների, ֆինանսաբանկային համակարգի, վերականգնվող էներգետիկայի, ոսկերչության և գինեգործության ոլորտների առանձնահատկություններն ու գրավչությունը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները և ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Որպես Հայաստանի և Շվեյցարիայի տնտեսական համագործակցության ընդլայնման և խորացման երաշխիք, հայ – շվեյցարական գործարար համաժողովին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Ժնև Կանտոնի առևտրաարդյունաբերական պալատի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը նոր հնարավորություններ կստեղծի գործարար շրջանակների համագործակցության ընդլայման առումով:

Հուշագիրը ստորագրել են Արսեն Ղազարյանը և Վինսենթ Սուբիլիան:

Միջոցառման ավարտին անցկացվել է հայկական արտադրանքի ցուցադրություն-համտես: Նույն օրը, մինչ համաժողովը, կազմակերպվել է հայկական արտադրանքի ցուցադրություն, ինչպես նաև անցկացվել են առանձին հանդիպումներ շվեյցարական գործարարների հետ` B2B ձևաչափով:

Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ հայաստանյան ներգնա զբոսաշրջության, ալկոհոլի արտահանման, քարի արտահանման ու լոգիստիկայի, ազատ գոտիների մասով:

Միջոցառման ընթացքում և առանձին հանդիպումների համար նախատեսված սրահներում Շվեյցարիայից և Ֆրանսիայից ժամանած գործարարները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի բիզնես հնարավորություների նկատմամբ: Համաժողովին մասնակցում էին շվեյցարական մի շարք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---