Էրեբունու անկարգությունների մասնակիցներին հայտնաբերելու միջոցներ են ձեռնարկվում

Էրեբունու անկարգությունների մասնակիցներին հայտնաբերելու միջոցներ են ձեռնարկվում

PanARMENIAN.Net - Էրեբունի վարչական շրջանի տարածքում տեղի ունեցած անկարգություններին մասնակցություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում: Այս մասին հայտնում էՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

2018 թվականի ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ դիմակավորված, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում:

Նախաքննության ընթացքում նյութեր են ստացվել Էրեբունի վարչական շրջանում նույն օրը նաև լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ, որոնք միացվել են հարուցված քրեական գործին: 5 անձ, որոնցից 2-ը լրագրող, ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Մշակվել է քննչական պլան, ստեղծվել քննչական խումբ և ըստ դրվագների՝ կատարվում է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն։ Նախաքննության ընթացքում ներբեռնվել և քրեական գործին են կցվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսագրությունները, ինչպես նաև՝ դեպքին առնչվող մամուլում կատարված հրապարակումները: Հարցաքննվել ու շարունակում են հարցաքննվել բազմաթիվ անձինք։ Մեկ անձ ունի դատավարական կարգավիճակ, ում նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Միջադեպերի ժամանակ դեպքի վայրում ծառայություն են իրականացրել նաև ոստիկանության աշխատակիցներ և գրություն է ուղարկվել ոստիկանություն՝ տեղեկություններ տրամադրելու ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների ինքնության և նրանց հարցաքննության ներկայացնելու վերաբերյալ։

Քրեական գործի շրջանակներում մի շարք անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են զենք և ռազմամթերք, փայտե մահակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, ստուգվում է հայտնաբերված զենքերը պահելու թույլտվություն ունենալու հանգամանքը, գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին։

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության ստորաբաժանումներին՝ հայտնաբերել և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել տեսագրության մեջ պատկերված և բռնի գործողություններ իրականացնող կոնկրետ անձանց։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների համատեքստում տարածում ենք նաև արձանագրված անկարգությունների վերաբերյալ լուսանկարները, տեսագրությունները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---