Բակո Սահակյան. Հայը կարող է խուսափել կոտորածից, երբ զենք է վերցնում և պաշտպանում սեփական հողը

Բակո Սահակյան. Հայը կարող է խուսափել կոտորածից, երբ զենք է վերցնում և պաշտպանում սեփական հողը

PanARMENIAN.Net - 1918 թվականի մայիսյան հաղթանակները դարձան հայոց պետականության վերականգնման սկիզբը: Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

«Դարեր շարունակ հայ ժողովուրդը ենթարկվել է բռնությունների ու կոտորածների, անցել է բազում փորձությունների միջով, քանի որ չուներ պետականություն, ապրում էր օտարի լծի տակ: Եվ չնայած Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց կարճ ժամանակահատված, այնուամենայնիվ, նշանակալի է նրա դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում քաջ հայորդիների սխրանքն ապացուցեց, որ հայը կարող է խուսափել կոտորածից, երբ հավատում է սեփական ուժերին, երբ զենք է վերցնում և պաշտպանում սեփական հողը, երբ միասնական է ու հաստատակամ»,-ասվում է ուղերձում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ուղերձում նշվում է, որ մայր Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, միշտ վառ պահելով 1918-ի հերոսամարտերի ոգին, շարունակում են համատեղ ջանքերով պաշտպանել, զորացնել ու զարգացնել հայկական երկու հանրապետությունները, որպեսզի շենանա հայկական հողը և հայ ժողովրդի ապագան լինի հուսալի ու պայծառ:

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման հարյուրամյակը։ 1918 թվականի մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---