ԵՊՀ ռեկտոր. Քաղաքական հայացքների համար հալածվող մարդ եմ

ԵՊՀ ռեկտոր. Քաղաքական հայացքների համար հալածվող մարդ եմ

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանում ռեկտոր Արամ Սիմոնյանը պատասխանել է իր հրաժարականը պահանջող ուսանողների հարցերին: Լարված մթնոլորտում անցած հարց ու պատասխանից հետո ուսանողները խոչընդոտել են նրա ելքը նիստերի դահլիճից: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության ակտիվիստ Դավիթ Պետրոսյանն ասել է Սիմոնյանին, որ վերջինս պետք է հրաժարվի իր զբաղեցրած պաշտոնից, քանի որ «պատրաստ չէ գնալ փոփոխությունների»:

«Հոգաբարձուների խորհուրդը հրաժարականի (Արամ Սիմոնյանի-խմբ.) հարցը պետք է կառավարությունում քննարկման դնի և բավարարի ուսանողների պահանջը», - ասել է նա:

Սիմոնյանն արձագանքել է, որ սա «բացահայտ ճնշում է»:

«Դուք կոնստրուկտիվ բանավեճի կամ քննարկման պատրաստ չեք: Ես երբեք այս տասներկու տարում որևէ մեկի նկատմամբ բռնություն չեմ գործադրել, այսօր իմ նկատմամբ բռնություն է գործադրվում: Սա դեմոկրատիա չէ, սա հաշվեհարդար է, այդ թվում՝ քաղաքական կուսակցության պատկանելու հաշվեհարդար: Ես կարող եմ ինձ հայտարարել քաղաքական հայացքների համար հալածվող մարդ», - ասել է նա՝ հավելելով, որ ինքը բռնության միջոցով ոչ մի զիջման չի գնա:

Ավելի վաղ, «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցի է իրականացնում Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ:

Նախաձեռնության մասնակիցները կոչ են անում ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին դասադուլ և գործադուլ սկսել համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացման, Ուսանողական խորհրդի գործունեության կասեցման պահանջներով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---