7 հուլիսի 2018 - 13:20 AMT
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Անհրաժեշտ են օրինական, արդար ընտրություններ

Հայաստանում անհրաժեշտ են օրինական. արդար ընտրություններ, և որ դրանք պետք է անցնեն այնքան շուտ, որքան հնարավոր է դրանք պատշաճ կազմակերպել: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում՝ հավելելով, որ Հայաստանի հետ հարաբերությունները միշտ մեծ հետաքրքրություն են ներկայացրել ԱՄՆ ղեկավարության համար՝ կարևոր հարաբերություններ են և միշտ են եղել այդպիսիք:

«Մենք ակնկալում ենք համագործակցել նոր կառավարության հետ: Դրա առաջնահերթությունները կարծում եմ կարևոր են. տնտեսությունն ավելի արդար դարձնել բոլորի համար, բարելավել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, վերջ դնել կոռուպցիայի խնդրին: Սրանք առաջնահերթություններ են, որոնք մենք նույնպես կցանկանայինք իրագործված տեսնել, և դեսպանությունը, ԱՄՆ-ի կառավարությունն ակնկալում են աշխատել նոր կառավարության հետ՝ որպեսզի օգնենք նոր կառավարությանն իրագործել նպատակները: Դա բավականին բարդ է լինելու»,-ասել է դեսպանը:

Դեսպանը հիշեցրել է, որ վերջին 3 տարիների ընթացքում գրանցվել է 600 միլիոն դոլարի ամերիկյան նոր ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ, 2017-ին երկրների միջև առևտուրը վերջապես բարձրացավ 2008-ի մակարդակից ավելի՝ գրանցվեց 42 տոկոս աճ: Նա հավելել է, որ 2018-ի առաջին 4 ամիսների ընթացքում ևս 30 տոկոսի աճ է գրանցվել:

«Կարծում եմ, եթե կառավարությանը հաջողվի առաջընթաց գրանցել կոռուպցիայի հաղթահարման հարցում, դատական իշխանության անկախության ապահովման հարցում, ապա առևտրի ծավալներն էլ ավելի կաճեն, որովհետև վերջին 3 տարիների ընթացքում որպես դեսպան ես բազմիցս եմ լսել թե ամերիկյան գործարարներից և թե հենց Հայաստանի ձեռնարկատերերից, որ առևտրի, գործարարության հիմնական խոչընդոտն էր այն զգացմունքը, որ Հայաստանում չկան հավասար խաղի կանոններ և որ համակարգը ոմանց նկատմամբ մյուսներից ավելի բարենպաստ էր: Այնպես որ, եթե կառավարությունը կարողանա դա հաղթահարել, կարծում եմ, իրական հնարավորություն կա, իրական ապագա ԱՄՆ-ի կողմից խոշոր առևտրի և ներդրումների, որն իմ կարծիքով մեծագույն աջակցությունն է, որ մենք կարող ենք տրամադրել Հայաստանին»,-ասել է Միլզը:

Անդրադառնալով ՀՀ կառավարության քայլերին կոռուպցիայի դեմ պայքարում՝ դեսպանն ասել է, որ գնհատականը պետք է տան Հայաստանի քաղաքացիները, նրանք պետք է որոշեն, թե որքան ճիշտ է կառավարությունը կարգավորում խնդիրները:

«Իմ կողմից կասեմ, որ իմ կարծիքով կառավարության հաղորդագրությունը, որ սա նոր էջ է, շատ ուժեղ էր և շատ արդյունավետ: Նրանք մեզ ազդանշան են տվել, որ ցանկանում են նոր հայացք գցել կոռուպցիայի դեպքերի վրա, սակայն, իմ կարծիքով ավելի կարևոր է ամրապնդել նոր կառույցներ, նոր օրենքներ, որոնք կապահովեն համակարգի արդարությունը, կապահովեն, որ կոռուպցիայի խնդիրը կարող է հաղթահարվել համակարգային ձևով: Դա իրոք շատ կարևոր է: Մենք ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության և մի շարք այլ ծրագրերի միջոցով քննարկում ենք, թե ինչպես կարող ենք ավելի մեծ աջակցություն տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարում, այս հաստատությունների կառուցման գործում, որպեսզի կոռուպցիան երկարաժամկետ բացառվի: Մենք ակտիվ քննարկումներ ենք անցկացնում կառավարության հետ այս հարցերի շուրջ»,-ասել է Միլզը:

Խոսելով հայ-ամերիկյան հարաբերություններում մոտ ապագայում սպասվող զարգացումների մասին՝ դեսպանն ասել է, երկու ժողովուրդների՝ թե հայ ժողովրդի և Հայաստանին սատարող ամերիկացի ժողովրդի համար առաջիկա առավել մեծ իրադարձությունն ընտրություններն են:

«Անհրաժեշտ են օրինական արդար ընտրություններ, և որ դրանք պետք է անցնեն այնքան շուտ, որքան հնարավոր է դրանք պատշաճ կազմակերպել: Դա իրոք առավել կարևոր իրադարձությունն է: Մենք ցանկանում ենք օգնել, աջակցել այդ գործընթացին: Տեղյակ եմ նաև, որ Եվրամիության կազմում Հայաստանի բարեկամները նույնպես ցանկանում են աջակցություն ցուցաբերել, լինի դա նոր ընտրական գործընթացին աջակցության տեսքով, թե Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամրապնդման տեսքով, որը, և դա մենք հրապարակային ենք ասել, ամրապնդվելու կարիքն ունի, որպեսզի կարողանա հետաքննել խախտումների մասին դիմումները: Այսինքն, որ հայ ժողովուրդը վստահի ընտրական գործընթացին: Այնպես որ, մենք կենտրոնացած ենք ընտրությունների վրա, որպես հաջորդ կարևոր քայլի: Ես ուրախ եմ, որ վարչապետը նույնպես դրանց վրա է կենտրոնացած»,-ասել է նա: