ՔԿ. Մանվել Գրիգորյանի ոչխարների գողության գործով ձերբակալված կա

ՔԿ. Մանվել Գրիգորյանի ոչխարների գողության  գործով ձերբակալված կա

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին Գառնիում Մանվել Գրիգորյանի ոչխարների գողության գործով ձերբակալված կա:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2018թ. հուլիսի 7-ին Գառնիում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցվում է։

2018-ի լույս հուլիսի 7-ի գիշերը ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ բռնություն գործադրելու սպառնալիքով Գառնիի սարերից գառներ են գողացել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Անասնագոմի աշխատակցուհին հաղորդում է ներկայացրել առ այն, որ աշխատում է Մանվել Գրիգորյանին պատկանող անասնագոմում որպես կթվորուհի և անասուններին արածեցնելու նպատակով գտնվել է Կոտայքի մարզի Գառնի համայնքի սարերում, ասվում է ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարության մեջ:

Հուլիսի 7-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, տնակի մոտ նկատել է «Նիվա» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ և դուրս եկել տնակից՝ տեսնելով երեք անծանոթ տղամարդու, որոնցից մեկը եղել է դիմակավորված, իսկ «Նիվա» մակնիշի մեքենայի վարորդի ձեռքին եղել է կացին։ Վերջինս սպառնացել է կացնահարել ձայն հանելու դեպքում և սկսել են հափշտակել գառները, իսկ դիմել փախուստի՝ «Նիվա» ավտոմեքենայով վրաերթի ենթարկելով գառներ և ոչխարներ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով : Էջմիածին քաղաքի բնակչուհի Ն.Ամիրյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել, ով հաստատել է, որ գառներն ու ոչխարները պատկանում են իր ընտանիքին։ Պատճառված վնասի չափը հստակեցվում է։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Կասկածյալներից մեկը՝ 52-ամյա տղամարդը, ձերբակալվել է, ևս երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ հանցագործություն կատարած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվել են խուզարկություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցավոր արարքի կատարման համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---