Տոնոյանը նշանակվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տոնոյանը նշանակվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշանակվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Այդ մասին ասվում է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն ուրախ է հայտնել, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հուլիսի 19-ին որոշում է կայացրել հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

Վստահ ենք, որ նախարար Տոնոյանի փորձառու առաջնորդության ներքո Հիմնադրամի խորհուրդն ու աշխատակազմը ոչ միայն ջանասիրաբար կշարունակեն իրականացնել Հիմնադրամի օրենքով սահմանված նպատակները, այլ նաև վերջինիս աշխատանքի արդյունքները ավելի հասանելի կդարձնեն հայ ժողովրդի համար»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 691-Ա որոշմամբ պարոն Տոնոյանը նշանակվել էր Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Հունիսի 15-ին կառավարության որոշմամբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ազատվեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Այն ժամանակ հայտարարվեց, որ ըստ նախագծի, Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---