Նախագիծ. Հարկային արտոնություններ՝ գինեգործներին

Նախագիծ. Հարկային արտոնություններ՝ գինեգործներին

PanARMENIAN.Net - Կառավարությունը գինու արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին թույլ կտա գործել նաև որպես շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ՝ միաժամանակ համարվելով ակցիզային հարկ վճարող: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ հարկային օրենսգիրքը նախատեսում է, որ ակցիզային հարկ վճարողները կարող են գործել միայն հարկման ընդհանուր համակարգում: Տվյալ կարգավորման պարագայում ենթաակցիզային ապրանք արտադրող փոքր տնտեսավարողներն ունենում են հարկման ընդհանուր համակարգի վարչարարությունից բխող էական խնդիրներ և գործնականում հաճախ նախընտրում են գործել ստվերում: Խնդիրը հատկապես արդիական է գինու արտադրությամբ զբաղվող գերփոքր և փոքր տնտեսավարողների համար, որոնք ունենալով կայուն արտադրություն և սպառման շուկա, նախընտրում են գործել հարկային դաշտից դուրս:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության 2018թ. փետրվարին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Վայոց ձորի մարզում գործող ընկերություններն արտադրում են տարեկան մոտ 920.000 լիտր գինի: Միաժամանակ, նույն մարզում տնայնագործ-գինեգործների կողմից արտադրվում և իրացվում է շուրջ 450-500.000 լիտր գինի: Ինչպես ցույց է տալիս Գերմանիայի միջազգային գործակցության ընկերության, Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից Արենի, Աղավնաձոր և Ռինդ համայնքներում 2013թ. իրականացված հետազոտությունը նշված համայնքներում տնային պայմաններում արտադրվել է մոտ 885.000 լիտր գինի, որից միայն 80.000 լիտրն է օգտագործվել սեփական կարիքների համար: Արտադրված գինու մնացած մասն, ինչպես նաև գործարաններից ձեռք բերված մոտ 242.000 լիտր գինին վաճառվել է չշշալցված վիճակում (պոլիէթիլենային շշերով): Համեմատության համար նշենք, որ նույն տարածաշրջանում գործարանային պայմաններում արտադրվել է մոտ 2,6 մլն լիտր գինի:

Տնային պայմաններում գինու արտադրությունը կազմում է տվյալ տարածաշրջանում գործարանների կողմից արտադրված գինու մոտ 50%-ը:

Նշված խնդիրներին լուծում տալու, գինու արտադրությամբ զբաղվող փոքր ընկերությունների համար օրինական դաշտում տնտեսավարելու և աճի հնարավորություն ստեղծելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերջիններիս համար նախատեսել որպես շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գործելու հնարավորություն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---