Առևտրականները մտահոգ են. ԿԳ նախարարի հայտարարությունից հետո սև և սպիտակ հագուստը չի վաճառվում (վիդեո)

Առևտրականները մտահոգ են. ԿԳ նախարարի հայտարարությունից հետո սև և սպիտակ հագուստը չի վաճառվում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ի առավոտից կառավարության շենքի դիմաց մի խումբ առևտրականներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել մաքսազերծման գները: Նրանք նաև հայտարարել են, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի կոչից հետո, համաձայն որի՝ դպրոցում սև ու սպիտակ համազգեստը պարտադրված չէ, իրենք վնասներ են կրել, քանի որ դպրոցի համար նախատեսված իրենց ներմուծած սև և սպիտակ հագուստը չի վաճառվել:

Նախկինում առևտրականները սահմանին վճարել են ներմուծվող ոչ բրենդային հագուստի համար՝ կիլոգրամի դիմաց, այժմ ներմուծված ապրանքը հատով է մաքսազերծվելու:

Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով առևտրականների մտահոգությանը, ասել է, որ դա ազատության իրավունքի խնդիր է, հայտնում է Aysor.am-ը:

«Ես չեմ ասել, որ ծնողները չեն կարող գնել սև ու սպիտակ, ընդամենն ասել եմ, որ չի կարելի պարտադրել գնել սև ու սպիտակ: Ես բազմիցս պարզաբանել եմ, սա իրավունքի խնդիր է», - նշել է նախարարը:

«Ես էս ազգից գլուխ չեմ հանում։ Մի տեղ ասում են սև ու սպիտակ թող լինի, մի տեղ ասում են՝ սև ու սպիտակ չլինի»,- կատակել է Արայիկ Հարությունյանը «Ազատության» եթերում:

Ավելի վաղ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ որևէ մեկը չի կարող աշակերտին պարտադրել սև ու սպիտակ հագուստ կրել։ «Բացառություն են այն դեպքերը, երբ ծնողական խորհուրդը որոշում է, որ իրենց երեխաները բոլորը պետք է սև ու սպիտակ հագուստ կրեն։ Մնացած բոլոր դեպքերում որևէ մեկը չի կարող երեխաներին պարտադրել»,-ասել էր նախարարը։

Արայիկ Հարությունյանը հավելել էր նաև, որ պետք չէ խելամտության սահմաններից դուրս գալ, և «երեխային պետք է հասարակ, հարմար հագուստ հագցնել, եթե ծնողները չեն ցանկանում, որ իրենց երեխան սև ու սպիտակ հագնվի», - ասել էր նախարարը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---