Խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը. Մթերման գնից են դժգոհ

Խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը. Մթերման գնից են դժգոհ

PanARMENIAN.Net - Արմավիրցի խաղողագործները վաղ առավոտից փակել են Արմավիր-Երևան ավտոճանապարհը, երթևեկությունը կաթվածահար է եղել։

Նրանք Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղից պահանջում են խաղողի մթերման գինը բարձրացնել։ Ցուցարարների պայմանագրերը հենց այդ գործարանի հետ են, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Գյուղացիներն ասում են, որ թանկացումներ են տեղի ունեցել, իսկ գործարանը հայտարարել է, որ խաղողը կմթերի 120-130 դրամով։ Դա, ըստ խաղողագործների, իրենց բերքի ինքնարժեքն է։

«Դեղերը թանկացրեցին, դիզվառելիքը թանկացրեցին, ոչ ոք չխոսեց, չբացահայտեց, որոշեցին մթերումը 160, հիմա միանգամից կոտրեցին 140, հիմա էլ ասում են, որ վաղը նոր գինը կորոշեն»,-բողոքում էին խաղողագործները։

Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը պարզաբանել է.«Մյուս ընկերությունները խաղողն ընդունում են 160 դրամով՝ ըստ իրենց որակի, ըստ իրենց քանակի։ Հիմա կոնյակի գործարանը, որը հիմնական մթերող է, 140 դրամ է որոշել, որը պակաս է մյուս ընկերությունների գնից, գինն ընկնում է՝ նախկին գինը, որ ունեցել են 160-170 դրամ, այսօր դառնում է 140-130 դրամ։ Հարկավոր է ֆրանսիական գործարանի տնօրենիության հետ կապվել, առաջարկ անել, որ մթերումը կատարվի նախկին՝ 160-170 գնով»։

Սեպտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Երևանի կոնյակի գործարանը 10 դրամով կբարձրացնի մթերվող խաղողի գինը՝ մթերելով 140 դրամով: Կազմակերպությունը կսկսի խաղողի մթերման աշխատանքները սեպտեմբերի 11-ին: Այս տարի գործարանը կմթերի 29 000 տ խաղող, ինչի համար ձեռնարկությունը հատկացրել է 4 միլիարդ 60 միլիոն դրամ: Խաղողագործներին վճարումները կիրականացվեն խաղողը հանձնելուց հետո 3-4 օրվա ընթացքում՝ գումարը գյուղացիների բանկային հաշիվներին փոխանցման եղանակով, որոնք ևս բացվել են կազմակերպության կողմից:

Մթերվող խաղողի գինը 1 կիլոգրամի համար կկազմի 140 դրամ բոլոր մասնաճյուղերի համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---