Լևոն Հայրապետյանի հարազատները պահանջում են գործ հարուցել նրա սպանության վերաբերյալ

Լևոն Հայրապետյանի հարազատները պահանջում են գործ հարուցել նրա սպանության վերաբերյալ

PanARMENIAN.Net - 2017-ի աշնանը ՌԴ գաղութում մահացած հայտնի ռուսաստանաբնակ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի հարազատները պահանջում են ՌԴ Քննչական կոմիտեից գործ հարուցել նրա սպանության մասին: Նրանք կարծում են, որ գործարարին թունավորել են՝ այդ մասին նա վախճանից մի քանի ժամ առաջ ինքն է հայտնել հարազատներին, գրում է Ռոսբալտը:

Մորդովիայի դատարանը բազմիցս է մերժել առողջական վիճակով Լևոն Հայրապետյանին վաղաժամ ազատելու դիմումները: 2016-ին Հայրապետյանը դատապարտվեց խարդախության և դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 դոլար շորթելու մեղադրանքով՝ չնայած նրա մեղքի ուղիղ ապացույցների բացակայությանը:

Պարբերականը հավելում է, որ Հայրապետյանի հետ հաշվեհարդար տեսնելու պատճառներ, անկասկած, կային: Նա գույք ուներ աշխարհի շատ երկրներում, միայն հնաոճ իրերի նրա հավաքածուն գնահատվում էր $800 մլն: Սակայն, գործարարի ազատազրկման ընթացքում նրա ունեցվածքի մեծ մասը խորհրդավոր կերպով վաճառվել է: Գործարարը մտադիր էր պարզել այդ ամենը՝ նա մահացել է ենթադրյալ ազատումից տառացիորեն մեկ օր առաջ:

Հայրապետյանի դստեր շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Ներսիսյանը Ռոսբալտին պատմել է, որ ենթադրյալ ազատումից մի քանի օր առաջ 2 անհայտ տղամարդ նրան դեղերով ծանրոցէ փոխանցել՝ Հայրապետյանն ընդունել է առաջին հայացքից սովորական դեղերը, որոնք նախկինում էլ էր ընդունում, սակայն, նրա վիճակն անսպասելիորեն կտրուկ վատթարացել է:

Հայրապետյանը մի շարք հիվանդություններով էր տառապում, սակայն, նրա վիճակը կրիտիկական չէր: Ավելին 2017-ի հոկտեմբերին, սպասելով ենթադրյալ ազատմանը, նա լավ տրամադրություն ուներ և ծրագրեր էր մշակում, թե ինչ պիտի անի բանտից դուրս գալուց հետո:

Ըստ փաստաբանի, հետո նրան զննել է բժիշկը, զննության ժամանակ բուժքույրը նրան ինչ-որ հեղուկ է տվել, որից հետո Հայրապետյանն ավելի է թուլացել, նրան դժվարությամբ են բանտախուց հասցրել: Այնտեղ նա կորցրել է գիտակցությունը: Ուշքի գալով՝ գործարարը հեռախոս է խնդրել մեկ այլ կալանավորից և զանգահարել է եղբորն ու ընկերոջը: Երկուսին էլ նույն բանն է ասել. «Ինձ թունավորել են: Մինչև առավոտ չեմ ապրի: Չթաղեք ինձ առանց հերձման»:

Դրանից հետո Հայրապետյանը կրկին ուշագնաց է եղել, իսկ 2018-ի հոկտեմբերի 18-ի լուսադեմին մահացել է: Երբ նրա մահից հետո հարազատները սկսել են ուսումնասիրել նրա ժառանգությունը, հասկանալի են դարձել նրա թունավորման հնարավոր դրդապատճառները: Պարզվել է, որ գործարարը շատ հարուստ մարդ էր, նրա կարողությունը մոտ 1 մլրդ դոլարի էր հասնում: Նա անշարժ գույքի տասնյակ օբյեկտներ ուներ ամբողջ աշխարհում: Նա նաև կտավների մեծ հավաքածու ուներ, այդ թվում Եվա Բրաունի դիմանկարը, որն անձամբ Ադլոֆ Հիտլերն էր նկարել: Նա նաև հին ոսկերչական իրերի, ժամացույցների ու թանկարժեք քարերի մեծ հավաքածու ուներ:Նա նաև ՌԴ խոշոր ընկերությունների բաժնետոմսերի փաթեթներ ուներ:

Գաղութում Հայրապետյանն իր ունեցվածքի կառավարման լիազորագրեր է տվել մի շարք անձանց, առանց վաճառքի իրավունքի: Սակայն, իրականում գործարարի ակտիվների մեծ մասն օտարվել է: Վաճառվել են նրա առանձնատները Նյու Յորքում և Մոնակոյում, ժամացույցների և թանկարժեք քարերի մեծ մասը, չկան նաև նկարներից շատերը, այդ թվում Եվա Բրաունի դիմանկարը: Իրացվել են նաև «Գազպրոմի» և մի շարք այլ ընկերությունների Հայրապետյանին պատկանող բաժնետոմսերը: Հետագայում պարզվեց նաև, որ Հայրապետյանը շատերին էր պարտքով խոշոր գումարներ տվել՝ մի քանի միլիոն դոլարի հասնող:

«Հայրապետյանի մահվան հանգամանքները լուրջ կասկածների առիթ են տալիս: Պարտադիր չէ, որ դա թույն լիներ: Հայրապետյանը շաքարախտ ուներ, որի դեպքում բավական է սխալ դեղորայք ընդունել, որը կարող է մահվան հանգեցնել»,-կարծում է Կարեն Ներսիսյանը:

Հայրապետյանի հարազատները դիմում են ներկայացրել ՌԴ Մորդովիայի ՔԿ՝ նրա հնարավոր թունավորման փաստով: Այնտեղ արդեն մի քանի անգամ մերժել են դիմումը, հետո դա արել է դատախազությունը: Դրա շնորհիվ, հերձման ժամանակ օրգանիզմից հանված օրգանները դեռ չեն ոչնչացվել: Այժմ հարազատները մտադիր են հասնել նրան, որ բոլոր նյութերը փոխանցվեն Մոսկվա, քանի որ միայն մանրակրկիտ հետազոտությունների արդյունքում հնարավոր կլինի հստակ որոշել մահվան պատճառը: Նրանք նաև ուզում են, որ գործարարի մահվան հանգամանքների քննությամբ զբաղվի ՌԴ ՔԿ կենտրոնական աշխատակազմը:

Հաշվի առնելով Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունները ՌԴ իրավապահ մարմիններին հորդորել էին «մարդասիրական վերաբերմունքից ելնելով գործող օրենսդրության շրջանակներում վերանայել կալանքի պայմանները, օբյեկտիվ վերաքննությամբ էապես մեղմել սահմանված պատիժը և ազատ արձակել նրան»:Հայրապետյանը համարվում է ամենախոշոր ներդրողներից մեկը Լեռնային Ղարաբաղում։ Նա մի շարք խոշոր բարեգործական նախագծեր է իրականացրել, որոնք ուղղված էին Արցախի սոցիալական և տնտեսական զարգացմանը:

2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման գործով ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացրեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Որպես հիմնական կասկածյալ անցնում էր Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը և ԱՖԿ «Սիստեմա» սեփականատեր Եվտուշենկովը, Հայրապետյանն այդ գործում համարվում է նրանց գլխավոր միջնորդը:

Ռախիմովն ու Եվտուշենկովը ազատ արձակվեցին, Հայրապետյանը, սակայն, մնաց կալանքի տակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---