Վարչապետ. Մարտի 1-ի գործով վճիռներ կայացրած դատավորների դեմ կարող են քրգործեր հարուցվել

Վարչապետ. Մարտի 1-ի գործով  վճիռներ կայացրած դատավորների դեմ կարող են քրգործեր հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Եվրոպական դատարանի կողմից Մարտի 1-ի տուժողների գործերով սեպտեմբերի 20-ին հրապարակված վճիռներին, ասել է, որ ՀՀ ներպետական ատյաններում Մարտի 1-ի գործերով վճիռներ կայացրած դատավորները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության, գրում է «Առավոտը»:

«Մարտի1-ի գործով Եվրադատարանը առաջին վճիռն է կայացրել։ Այդ վճիռը նշանակում է, իրավաբաններն այդպես են ասել, որ շղթայական տարածվելու է մյուս գործերի վրա։ Դա նշանակում է, որ այդ գործով բոլոր վճիռները, ըստ էության, հայտնվում են ապօրինի հայտարարվելու սպառնալիքի առջև։ Ու հիմա այդ դատավորները Հայաստանում պիտի շարունակեն զբաղվել այդ գործո՞վ։ Առնվազն բարոյականությունը ստիպում է այդ դատավճիռներից հետո հրաժարական տալ և գնալ տուն։ Էլ չենք խոսում, որ սա հնարավոր է քրեական պատասխանատվության հարց բացի», - ասել է վարչապետը:

Ավելի վաղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել էր «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» և «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռները, որտեղ նշվում է, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողությունները եղել են ապօրինի և նպտակ են ունեցել ցրելու խաղաղ քաղաքական հավաքը՝ տեղազզնության պատրվակով: Վճիռներում նշվում է նաև, որ խախտվել են հայցվորների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներ՝ նրանց նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսևորվել, արդյունավետ քննություն չի իրականացվել, նրանց կալանավորելը եղել է անօրինական և չեն բացատրվել նրանց կալանավորելու օրինական հիմքերը։

ՄԻԵԴ-ի կողմից մերժվել են Հայաստանի կառավարության բոլոր հակափաստարկները:

Մարտի 1-ի գործով տուժողների և զոհերի իրավահաջորդների փաստաբան Վահե Գրիգորյանը հրապարակել է այն դատավորների անունները, որոնք քննել են Մուշեղ Սաղաթելյանի դեմ հարուցված մեղադրանքով գործը և նրան դատապարտել են ՄԻԵԴ վճռով հաստատված, դիտավորությամբ կատարված խախտումներով՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը կայացրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, Վերաքննիչ դատարանում այս դատավճիռն ամբողջությամբ ուժի մեջ են թողնվել որոշմամբ՝ մասնակցությամբ դատավորներ Ա․ Խաչատրյան, Մ․ Սիմոնյան, Ա․ Պողոսյան (վճռաբեկ դատարանի գործող դատավոր):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---