Վարչապետ. Հայաստանը պիտի դարձնենք այնպիսին, որի մասին երազել է Ազնավուրը

Վարչապետ. Հայաստանը պիտի դարձնենք այնպիսին, որի մասին  երազել է Ազնավուրը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության ժամանակ:

«Այսօր հավաքվել ենք մեր խոնարհումը բերելու և գնահատանքի մեր տուրքը մատուցելու ֆրանսիական շանսոնի մեծ վարպետին` Շառլ Ազնավուրին: Ութ տասնամյակ այս անունը ժպիտ է փորագրել միլիոնավոր դեմքերի վրա, արագացրել կամ դանդաղեցրել տասնյակ միլիոնավոր մարդկանց շնչառությունը, փայլ է ներարկել հարյուր միլիոնավոր աչքերի մեջ: Եվ այս անունը 2018 թվականի հոկտեմբերի 1-ին մի պահ կանգնեցրեց երկիր մոլորակի և միջազգային կյանքի ընթացքը` մի անամոքելի թախիծ վրձնելով հարյուր միլիոնավոր մարդկանց դեմքերին, իր վերջին և ամենազանգվածային աֆիշը թողարկելով աշխարհի առաջատար լրատվամիջոցների առաջին էջերին. «94 տարեկան հասակում մահացել է Շառլ Ազնավուրը»: Բայց ինչի՞ մասին են պատմում այդ վերնագրերը, ինչի՞ մասին են պատմում այդ ազդագրերը: Մի՞թե ունայնության կամ հուսահատության: Ոչ ամենևին, այդ ազդագրերը պատմում են սեփական ճակատագրի նկատմամբ այս մեծ մարդու և նրա գերդաստանի տարած փառահեղ հաղթանակի մասին», - ասել է վարչապետը:

Նա ասել է, որ ցավոք, չի հասցրել անձամբ ծանոթանալ Մեծ Վարպետի հետ:

«Բայց հավատացեք` նրան ընկալում եմ՝ որպես մերձավոր հարազատի: Նրան այսպես ընկալում է ցանկացած հայ, որովհետև Ազնավուրն այն մարդն է, ով հայի անունը հասցրել է նոր բարձունքների, ով հայի հպարտությանը մի նոր շունչ է տվել ու մի նոր երանգ, ով կարողացել է ապրել իր պատմական հայրենիքի և իր ժողովրդի ցավերով, հոգսերով ու երազանքներով: Նաև այս է պատճառը, որ Շառլ Ազնավուրին շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Բայց նա այդ կոչումը վաստակել է ոչ միայն շանսոնյեի իր հանճարով, այլև Հայաստանի Հանրապետության կայացման գործում ունեցած անուրանալի վաստակի համար: Հայաստանում նրա անունով կոչված են փողոցներ ու հրապարակներ, իսկ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում արդեն երկար տարիներ վեր է խոյանում նրա մեծաշուք արձանը, և նա թերևս միակ մարդն է, որին Հայաստանում արձան է կանգնեցվել կենդանության օրոք», - ասել է Փաշինյանը:

Վարչապետն ասել է, որ Ազնավուրն ապրում էր Հայաստանի հոգսերով, և որ հայ մեր ժողովուրդը նրա հոգատարությունը տեսել ու զգացել է երեսուն տարի առաջ տեղի ունեցած մեծ երկրաշարժի ժամանակ, Հայաստանի անկախության բոլոր դժվարին օրերին:

«Շառլ Ազնավուրն անտարբեր չմնաց նաև Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության նկատմամբ և ինձ ուղղված վերջին նամակում մասնավորապես գրել էր. «Հենց որ առողջությունս թույլ տա, ջերմորեն փափագում եմ այցելել այս նոր Հայաստանը և ծանոթանալ այն առողջ ուժերին, որոնք ձևավորելու են մեր ազգի գալիքը»։ Մեծ Վարպետը պատրաստվում էր Հայաստան այցելել հաջորդ շաբաթ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տասնյոթերորդ գագաթաժողովի առիթով և նրան խոստացել էի ծանոթացնել Նոր Հայաստանի հետ, խոստացել էի, որ նա միանգամից կզգա Նոր Հայաստանի հաղթանակած քաղաքացու լավատեսությունն ու ոգին: Ցավոք, այս խոստումը չկարողացա կատարել, սփոփանքս այն է, որ Ազնավուրը, այնուամենայնիվ, հասցրեց իր վերջին ուղերձը հղել նոր Հայաստանին` ինձ գրած նամակում ասելով. «Սրտանց փափագում եմ, որ Հայաստանի երիտասարդությունը կարողանա երբևէ դրսևորել իր ողջ ներուժը և իր երազանքներն իրականություն դարձնել Հայաստանում», - ասել է Փաշինյանը:

Վարչապետը խոստացել է, որ իրականություն կդարձնի Ազնավուրի պատգամը, կյանքի կկոչի իր ցանկությունը:

«Ուզում եմ հավաստիացնել, որ անմնացորդ նվիրված եմ այն գործին, որ նոր Հայաստանը պիտի դարձնի այնպիսին, ինչի մասին Դուք երազում էիք: Ազատ եւ Երջանիկ Հայաստանն իսկապես արժանի գնահատանքը կլինի Հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ Ձեր ունեցած անուրանալի վաստակի», - եզրափակել է նա:

Լեգենդար շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Ազնավուրը, որը վերջերս էր վերադարձել Ճապոնիայում համերգային շրջագայությունից, մահացել է իր տանը՝ Ֆրանսիայի հարավ-արևելքում:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---