Փաշինյան.ՀՀ և Լիբանանի տնտեսական կապերը պետք է համապատասխանեցնել քաղաքական հարաբերությունների մակարդակին

Փաշինյան.ՀՀ և Լիբանանի տնտեսական կապերը  պետք է համապատասխանեցնել քաղաքական հարաբերությունների մակարդակին

PanARMENIAN.Net - Հայաստանի և Լիբանանի տնտեսական կապերը պետք է համապատասխանեցնել երկրների միջև առկ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բեյրութում Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպմանը:

Հոկտեմբերի 20-ին մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի նախագահ Միշել Աունին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է այցելել եղբայրական երկիր` Լիբանան:

«Շնորհակալ եմ ընդամենը մեկ շաբաթ առաջ Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Ձեր մասնակցության և շատ բովանդակային ելույթով հանդես գալու համար: Մոտ մեկ ամիս առաջ էլ Նյու Յորքում առիթ ունեցանք մտքեր փոխանակելու Հայաստանի և Լիբանանի միջև բազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Այժմ ևս երկխոսության նոր հնարավորություն ունենք: 1991 թ. Հայաստանի անկախացումից հետո մեր երկրների հարաբերությունները, մեր ժողովուրդների դարավոր առնչությունները ձեռք են բերել նոր որակ, ինչը բնորոշ է երկու բարեկամ պետություններին և եղբայր ժողովուրդներին: Դա պետք է լավագույնս ծառայեցնենք մեր գործընկերության ամրապնդմանը, մեր ընդհանուր նպատակների իրականացմանը»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, հայտնում է կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Միշել Աունը ողջունել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի այցը Լիբանան` ընդգծելով, որ այն կնպաստի երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Լիբանանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Լիբանանի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որը պայմանավորված է պատմական բարեկամական կապերով և լիբանանահայ կենսունակ համայնքի դերակատարությամբ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Լիբանանի ժողովրդի սրտաբաց վերաբերմունքը ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցների նկատմամբ. «Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և դա կարևոր է ոչ միայն պատմական հիշողության պահպանման, այլև նոր ցեղասպանությունների կանխարգելման համար»:

Վարչապետի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդն առանձնահատուկ վերաբերմունք է տածում բարեկամ Լիբանանի և նրա ժողովրդի նկատմամբ, ինչի խոսուն վկայությունն այն է, որ տարածաշրջանի երկրներից հենց Լիբանանում է գտնվում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը:

Իր հերթին Լիբանանի նախագահը բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի դերը երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական և մարզական կյանքում, ինչպես նաև երկու երկրների և ժողովուրդների բարեկամության սերտացման և համագործակցության զարգացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորություններին և կարևորել այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքը:

«Պետք է այնպես անենք, որպեսզի երկկողմ տնտեսական կապերը համապատասխանեցնենք մեր երկրների միջև քաղաքական և մարդկային հարաբերությունների բարձր մակարդակին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային և մաքսային ընթացակարգերի պարզեցման, նպաստավոր ներդրումային միջավայրի ձևավորման ուղղությամբ: Լիբանանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկու երկրների կառավարություններին համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում:

Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Լիբանանի` «Մարդկային ակադեմիայի» հիմնելու նախաձեռնությունը, որի մասին նախագահ Աունը հայտարարել է 2017 թ. սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ժամանակ:

«Հայաստանը ողջունում է Լիբանանի` տարբեր քաղաքակրթությունների, կրոնների և ռասաների միջև երկխոսության կենտրոն դառնալու նախաձեռնությունը և պատրաստ է աջակցել դրան: Մենք վստահ ենք, որ տարբեր կրոնների և ազգությունների խաղաղ գոյակցությանը միտված Լիբանանի ջանքերն ու կուտակած փորձը կարող են ուսանելի լինել ոչ միայն առանձին երկրների, այլև ամբողջ տարածաշրջանների համար», - նշել է Նիկոլ Փաշինյանը և համոզմունք հայտնել, որ նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն կունենա նաև Հայաստանի ուսանողների շրջանում:

Լիբանանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին` Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցության համար: Ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է իր միջազգային հանձնառություններին և կարևորում է մասնակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության իրականացմանը` Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի ԱԽ կողմից ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության մանդատը մեկ տարով երկարաձգելու կապակցությամբ:

Հանդիպման ավարտին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

Փաշինյանը կհանդիպի նաև վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ, ինչպես նաև այցելություն Բեյրութի հայկական հոգևոր-մշակութային կենտրոններ, կրթական հաստատություններ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---