Արցախի նախկին պետնախարարն առաջին էլեկտրամոբիլը կներկրի ԱՀ

Արցախի նախկին պետնախարարն առաջին էլեկտրամոբիլը կներկրի ԱՀ

PanARMENIAN.Net - Ժամանակն է, որ Արցախում անհրաժեշտ ենթակառուցվածքներ և մեխանիզմներ ստեղծվեն էլեկտրամոբիլների ներկրումը խթանելու համար՝ հաշվի առնելով էլեկտրական շարժիչներով աշխատող տրանսպորտի ոլորտում աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումները և Արցախում առկա էներգետիկ հնարավորությունները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի խորհրդական, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը:

Նա հայտնել է, որ Արցախում նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստվում է նախևառաջ հանդես գալ սեփական օրինակով և ներկրել Արցախի առաջին էլեկտրամոբիլը, ինչպես նաև, որպես կուսակցության առաջնորդ, հարցը քննարկման առարկա դարձնել՝ ընդգրկելով այն ծրագրային օրակարգում:

«Կարծում եմ, որ ընթացիկ և նախատեսվող էներգետիկ նոր նախագծերի շնորհիվ գալիք տարիներին էլեկտրաէներգիայի արտադրությունը կգերազանցի մեր նախնական ակնկալիքները՝ բարձրացնելով Արցախի ռազմավարական անկախությունն արտաքին հաղորդակցություններից: Վստահ եմ՝ կարիք չկա ներկայացնելու, թե ինչ ահռելի նշանակություն ունի էլեկտրաէներգիան մեր կենցաղում և սոցիալ-տնտեսական գործունեության մեջ, սակայն կան նաև ոչ ավանդական ուղղություններ, որտեղ էլեկտրաէներգիան կարող է մեծ կարևորություն ունենալ»,-ասվում է գրառման մեջ:

Որպես օրինակ Հարությունյանը նշել է, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն վերջերս էլեկտրամոբիլների ներկրումը խթանելու նպատակով հայտարարեց կոնկրետ քայլերի մասին՝ խոստանալով այն ազատել հարկերից և մաքսազերծումից, եվրոպական շատ երկրներում ևս պատրաստվում են առաջիկա տասնամյակում հրաժարվել ավանդական շարժիչներով աշխատող տրանսպորտային միջոցներից, որոնց համեմատ էլեկտրամոբիլների շահագործումը էկոլոգիապես ավելի մաքուր է և քիչ ծախսատար:

Ավելի վաղ Թրղե և Լև գետերի վրա, «Արցախհէկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ, շահագործման են հանձնվել ևս երկու փոքր ՀԷԿ-եր, որոնք ավելի կամրապնդեն Արցախի Հանրապետության էներգետիկ ինքնաբավությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---