Ռուստամյանը դեմ չէ ԱՄՆ-ից զենք գնելուն. «Կարևոր է՝ ՀՀ-ն չկորցնի Ադրբեջանի հետ բալանսը»

Ռուստամյանը դեմ չէ ԱՄՆ-ից զենք գնելուն. «Կարևոր է՝ ՀՀ-ն չկորցնի Ադրբեջանի հետ բալանսը»

PanARMENIAN.Net - ԱԺ «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենք վաճառելու հնարավորության մասին հայտարարությանը, նշել է՝ «կարևոր է, որ ՀՀ-ն պահպանի Ադրբեջանի նկատմամբ ռազմական հավասարակշռությունը ցանկացած, այդ թվում նաև՝ ԱՄՆ-ից զենք գնելու ճանապարհով»:

«Կարևոր է, որ Հայաստանն ապահովի հավասարակշռությունը, կլինի դա ԱՄՆ-ից զենք գնելու, թե որևէ այլ ճանապարհով: Ադրբեջանն այսօր միայն ՌԴ-ից չէ, որ զենք է գնում, ըստ Բոլթոնի 80%-ն է ստանում ՌԴ-ից, իսկ մյուս 20%-ը քիչ չէ, ՀՀ-ն այդ հնարավորթյունն էլ չունի, և այս առումով կա մի բաց, որ Հայաստանը կարող է իր կենսական շահերից ելնելով լրացնել», - ասել է Ռուստամյանը՝ հավելելով, որ Հայաստանն արդեն իսկ հետ է ընկել ռազմական զինանոցի կուտակման գործընթացում Ադրբեջանից:

Հարցին, թե արդյոք դա չի առաջացնի ՌԴ-ի վրոդովմունքը, Ռուստամյանն ասել է, որ կա պարզ տրամաբանություն՝ կամ միջնորդները զենք չեն վաճառում հակամարտության կողմերին, կամ վաճառում են այնպես, որ ռազմական հավասարակշռությունը չխախտվի:

«Մեր արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի մեր ազգային, կենսական շահերի վրա, և սա պետք է բոլորի կողմից հարգվի», - ասել է խմբակցության ղեկավարը:

Հայաստանում գտնվող ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ «եթե երկընտրանքի խնդիր լիներ ռուսական և ամերիկյան զենք գնելու միջև, ապա ինքը կնախընտրեր վերջին տարբերակը»:

«Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը (ՀՀ-ին զենք վաճառելու-խմբ.): Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորւթյունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում է։ Այնպես որ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավելը շատ բարձր առաջնահերթություն է ԱՄՆ վարչակազմի համար», - ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---