Պետգույքի պետի նախկին տեղակալը շուկայականից 10 անգամ էժան գույք է վաճառել. Ձերբակալվել է

Պետգույքի պետի նախկին տեղակալը շուկայականից 10 անգամ  էժան  գույք է վաճառել.  Ձերբակալվել է

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալը շուկայական արժեքից ավելի քան 10 անգամ էժան պետական գույք է օտարել, հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում «Անի» ԲԲ ընկերությանը 22.6 մլն դրամով օտարվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված և անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված՝ Շիրակի մարզի Ամասիայի համայնքում գտնվող 1882 քմ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, 5342 քմ մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060 քմ թունելը, ինչպես նաև ջրանցքները սպասարկող կառուցվածքները, որոնք ընդհանրապես օտարման ենթակա չէին:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ որակավորում ունեցող անձանց կողմից 2018թ. սեպտեմբերի 26-ին կատարված գույքի գնահատման հաշվետվության համաձայն 22.6 մլն դրամով օտարված գույքի շուկայական արժեքը կազմում է 244.6 մլն դրամ, ինչը շուրջ տասն անգամ ավելի է ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված գնից:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից 2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով 2018թ. դեկտեմբերի 3-ին ձերբակալվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ Ա.Մ.-ն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ապահովելու ուղղությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---