Դատավորների միություն. Դատավորների հասցեին ատելությունը հատել է թույլատրելի սահմանը

Դատավորների միություն. Դատավորների հասցեին ատելությունը հատել է թույլատրելի սահմանը

PanARMENIAN.Net - Հնարավոր չէ խոսել իրավական, ժողովրդավարական պետության մասին, եթե չի ապահովվում դատական իշխանության անկախությունն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդեցությունից: Այդ մասին ասվում է Դատավորների միության տարածած հայտարարության մեջ

Դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, հաշվի առնելով, որ վերջին օրերին զանգվածային լրատվության որոշ միջոցների, ինչպես նաև հասարակության մի շարք անդամների կողմից համացանցում և հրապարակային միջոցառումների շրջանակներում հնչում են դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատավորների միություն են դիմել միության անդամ հանդիսացող դատավորներ Զ. Նախշքարյանը և Դ. Բալայանը:

Դատավորների միությունը ևս մեկ անգամ անհրաժեշտ է համարում ՀՀ հանրային իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ինչպես նաև բոլոր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն իրողության վրա, որ դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի բացարձակ արգելքն ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր պետություններում, այնպես էլ ՀՀ-ում ունեն անկյունաքարային նշանակություն և որպես սահմանադրաիրավական սկզբունքներ՝ երաշխավորվում ու պաշտպանվում են պետության կողմից:

Դատավորների միությունը հարկ է համարում նշել, որ դատավորների անկախության վրա արտաքին ազդեցության դրսևորում է համարվում նաև հասարակության կողմից դատական իշխանության վրա ճնշումներ գործադրելը տարբեր գործերի կապակցությամբ, մինչդեռ ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Այլ կերպ ասած՝ իրավական պետությունում դատավորներն առաջնորդվում են միայն Սահմանադրությամբ և օրենքներով: Ստանձնելով պաշտոնը՝ դատավորները գիտակցում են, որ գտնվելու են հասարակության քննադատության թիրախում, հետևաբար յուրաքանչյուր քննադատություն, առավել ևս վիրավորական արտահայտություններ հնչեցնելու ժամանակ պետք է գիտակցել, որ դրանով ուղղակիորեն վնաս է հասցվում ՀՀ-ին՝ որպես իրավական պետություն:

Դատավորների միությունն անառարկելի ճշմարտություն է համարում այն, որ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքը ժողովրդավարական հասարակության կարևորագույն արժեքներից մեկն է: Սակայն այս իրավունքն ունի իր իրացման սահմանները և կարող է ենթարկվել սահմանափակման, որի հիմքերից է նաև դատական համակարգի հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու անհրաժեշտությունը: Սա նշանակում է, որ ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու նրբանկատություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին, քանի որ իրենց ստանձնած պաշտոնից բխող կարգավիճակով պայմանավորված՝ դատավորները բավականին խոցելի են հասարակական քննադատությունների նկատմամբ:

Դատավորների միությունը ընդգծում է, որ բազմաթիվ միջազգային իրավական փաստաթղթերով կարևորվում է դատական իշխանության անկախությունն ապահովելը, մեջբերումներ անելով փաստաթղթերից:

Դատավորների միությունը դարձյալ ընդգծում է, որ արդարադատություն իրականացնելիս դատավորը պարտավոր չէ հաշվետու լինել ինչպես որևէ հանրային իշխանական մարմնի կամ պաշտոնատար անձի, այնպես էլ հասարակության կամ դրա առանձին անդամների առջև: Դատավորն արդարադատությունն իրականացնում է՝ հիմնվելով բացառապես Սահմանադրության և օրենքների վրա՝ առանց կաշկանդվելու այս կամ այն հնչեղ գործի կապակցությամբ հասարակական վերաբերմունքով: Հասարակության անդամներն էլ իրենց հերթին պարտավոր են հարգել դատավորի անկախության սկզբունքը և դատավորի կամ վերջինիս կայացրած դատական ակտերի վերաբերյալ իրենց քննադատությունը կառուցել այնպես, որ այն չվերածվի դատավորի նկատմամբ քողարկված ճնշումներ կատարելու, արդարադատության իրականացմանը միջամտելու, դատավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցի: Դատավորներն իրավունք չունեն և պարտավոր չեն որևէ մեկին բացատրություններ տալ իրենց կողմից ընդունված որոշումների բովանդակության, հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ կամ հանրության առաջ ապացուցել դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը, հասարակությունն էլ իր հերթին չի կարող դատավորից նման վարքագիծ ակնկալել:

Դատավորների միությունը հարկ է համարում շեշտադրել, որ այս կամ այն գործով դատավարության մասնակիցները կայացված դատական ակտերի նկատմամբ իրենց անհամաձայնությունը կարող են արտահայտել տվյալ դատական ակտի բողոքարկման միջոցով. սա անհամաձայնություն արտահայտելու, թերևս, միակ օրինական ճանապարհն է: Դատական ակտերի բողոքարկման իրավունքը հանդիսանում է մարդու՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների բաղադրիչներից մեկը. այդ իրավունքի պատշաճ իրացումը ՀՀ-ում գործող եռաստիճան դատական համակարգի պայմաններում կարող է արդյունավետ կերպով ապահովել հնարավոր դատական սխալների վերացումն ու մարդու խախտված իրավունքների վերականգնումը: Իսկ եթե շահագրգիռ անձինք կարծում են, որ որևէ դատական ակտ կայացնելիս դատավորը թույլ է տվել իրավախախտում, ապա տվյալ դատավորին իրավաբանական պատասխանատվության կանչելու համար վերջիններս կարող են դիմել բացառապես ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմի օգնությանը: Դատավորի արարքում ենթադրյալ իրավախախտման առկայության փաստը կարող է հաստատվել բացառապես իրավասու մարմինների կողմից և օրենքով սահմանված պատշաճ ընթացակարգերի պահպանման դեպքում:

Դատավորների միությունը հորդորում է ՀՀ հանրային իշխանության մարմիններին, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին դրսևորել իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքներից բխող վարքագիծ և ձեռնպահ մնալ դատավորներից հրապարակային պարզաբանումներ պահանջելուց, նրանց վրա ցանկացած եղանակով ճնշում գործադրելուց, դատավորների հեղինակությունն արատավորող, դատավորներին վիրավորող ու հանրության առջև նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններ անելուց՝ նկատի ունենալով, որ նշված վարքագիծը վնաս է պատճառում ոչ միայն տվյալ դատավորի հեղինակությանը, կոնկրետ գործի արդար դատաքննությանը, այլ ընդհանրապես ողջ դատական իշխանության անկախությանն ու իրավական պետության հետագա գոյությանը:

Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Փաստաբանների պալատը: Փաստաբանների պալատի խորհուրդը, քննարկելով դատավորների և փաստաբանների նկատմամբ հասարակության մի հատվածի կողմից դրսևորվող անհանդուրժող վարքագիծը, նշել է, որ վերջին շրջանում հասարակության մի հատվածի մոտ նկատելի է լարվածություն օբյեկտիվորեն զգայուն որոշ քրեական գործերի առնչությամբ, ինչի կապակցությամբ թիրախավորվում է նաև փաստաբանության ինստիտուտը, որը կոչված է ապահովելու իրավաբանական օգնության տրամադրումը յուրաքանչյուրին՝ անկախ մեղսագրվող արարքի բնույթից և հանրային վտանգավորության աստիճանից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---