«Այբը» ԿԳՆ-ից չի ստացել որևէ պաշտոնական կամ գրավոր եզրակացություն

«Այբը» ԿԳՆ-ից չի ստացել որևէ պաշտոնական կամ գրավոր եզրակացություն

PanARMENIAN.Net - «Այբ» կրթական հիմնադրամը մինչ օրս նախարարությունից չի ստացել ուսումնասիրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ որևէ պաշտոնական կամ գրավոր եզրակացություն: Այդ մասին ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

«Կրթության և գիտության նախարարությունը հերթական անգամ դրսևորեց նույն գործելաոճը և մինչև «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վերաբերյալ ուսումնասիրության վերջնական ամփոփումը կրկին ներկայացրեց հանրությանն իր կարծիք-գնահատականը։ Այդպես էր ութ ամիս առաջ, այդպես է հիմա:

Առանց ուսումնասիրվող կողմի կարծիքը լսելու և մեկնաբանություններն ունենալու՝ ուսումնասիրության մասին տեղեկություն տարածելը կասկածի տակ է դնում այն կատարողի անաչառությունը և ուսումնասիրության արդյունքները»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ վերջին ութ ամիսների ընթացքում «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վերաբերյալ տարածվել են բազմաթիվ ապատեղեկություններ, որոնք հետագայում հերքվել են հենց տարածողների կողմից:

«Արարատյան բակալավրիատ» ծրագիրը փակվել է առանց ուսումնասիրության ու հանրային լսումների, և տպավորություն է ստեղծվում, թե նախարարությունը փորձում է հետին թվով «հիմնավորել» ծրագրի փակումը: Մենք սպասում ենք ուսումնասիրության արդյունքներին, պատրաստ ենք հայտնելու մեր դիրքորոշումը և տալու մեր հիմնավորումները բոլոր «խնդրահարույց» կետերի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտարարվեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ավարտել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությունը, որը կատարվել է երեք ուղղությունով` բովանդակություն, ֆինանսներ, ծրագրի ներդրում: Նշվել էր, որ ծրագրի ֆինանսական բաղադրիչի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրա շրջանակում կատարված գնումների գործընթացն իրականացվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով:

«Այբի» ու Արայիկ Հարությունյանի միջև հրապարակային բանավեճը սկսվել էր այն բանից հետո, երբ Հարությունյանը հայտարարել էր, որ պետությունն այլևս չի ֆինանսավորելու մասնավոր դպրոցները՝ «տեր մեսրոպներին» (ակնարկելով «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանին - խմբ) միլիոններ հատկացնելով։

Ի պատասխան «Այբը» հայտարարել է, որ դպրոցը երբեք չի ստացել պետական միջոցներ՝ գումարը հատկացվել է Արարատյան բակալավրիատի ծրագրին, իսկ դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը ասել էր, որ նախարարը գրոհել է հիմնադրամն առանց բովանդակային քննարկման ու ուզում է կտրել երկրում լավ կրթություն ունենալուն միտված ծրագրի թևերը։ Հարությունյանը ի պատասխան հայտարարել էր, որ հանձնարարել է կազմակերպել ֆինանսական աուդիտ ու կխոսի դրա արդյունքներից հետո, կարծիք հայտնելով, որ Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---