Կարագանդայի գործով հետախուզվողը պատրաստ է հանձնվել իրավապահներին. Ղազախստանի ՆԳՆ-ն արձագանքել է (վիդեո)

Կարագանդայի գործով հետախուզվողը պատրաստ է հանձնվել իրավապահներին. Ղազախստանի ՆԳՆ-ն արձագանքել է

PanARMENIAN.Net - Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպի գործով կասկածյալ և հետախուզվող Նարեկ Գուրուրյանը համացանցում հրապարակած տեսաուղերձում հայտարարել է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել իր արարքների համար, սակայն մարդասպան չէ:

Գուրուրյանը ցավակցություն է հայտնել սպանվածի ընտանիքին և ասել է, որ պատրաստ է հանձնվել իրավապահ մարմիններին: Նա հայտարարել է, որ մասնակցել է զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չի սպանել: Նա հայտարարել է, որ պատրաստ է հանձնվել Ղազախստանի իրավապահ մարմիններին և ակնկալում է արդար քննություն և իր անվտանգության ապահովում:

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Գուրուրյանի ուղերձը, հայտնում է Tengrinews.kz-ը:

Ըստ իրավապահների, նրա ազգականներին են փոխանցվել իրավապահ մարմինների աշխատակիցների հեռախոսահամարները: «Սակայն մինչ օրս դեռ ոչ ոք կապ չի հաստատել»,- հայտնել է ՆԳՆ ներքին և արտաքին հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաևը:

Նա հայտարարել է, որ Ղազախստանի ՆԳՆ-ն երաշխավորում է գործի օբյեկտիվ, բազմակողմանի քննությունը և Գուրուրյանին խորհուրդ է տալիս կամավոր հանձնվել ոստիկանությանը՝ խուսափելով ծանրացուցիչ հանգամանքների առաջացումից: Նշվել է նաև, որ քննության ընթացքը Ղազախստանի ՆԳՆ հատուկ հսկողության տակ է:

Կարագանդայում խուլիգանական գործողությունների և 23-ամյա տղամարդու սպանության կատարման կասկածանքով կալանավորվել է 8 մարդ, իսկ կասկածյալներից մեկի՝ քաղաքացի Գուրուրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկի մոտ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով սպանվել է մեկ ղազախստանցի։ Ըստ ղազախական ԶԼՄ-ների, իրավապահները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող 3 անձի, որոնցից 2-ը տեղի հայ համայնքից են: Սպանությանը հաջորդել են հակահայ կարգախոսներով բողոքի ցույցերը:

Միջադեպից հետո Կարագանդայում հարյուրավոր քաղաքացիներ՝ հատուկ նշանակության զորքերի վերահսկողությամբ բողոքի ակցիա են իրականացրել՝ հայտնելով իրենց վրդովմունքը տեղի ունեցածի կապակցությամբ։ Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել Ղազախստանում ՀՀ դեսպանատունը, որում իր ցավակցություններն է հայտնել սպանվածի հարազատներին ու մտերիմներին:

Սոցիալական ցանցերում տարածվել է նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների տեսաուղերձը, որտեղ նրանք ներողություն են խնդրում կատարվածի համար, ցավացություններ հայտնում սպանվածի հարազատներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---