Ցմահ դատապարտված Ենոքյանին ներում շնորհելու դեմ բողոքի ցույց կանցկացվի

Ցմահ դատապարտված Ենոքյանին ներում շնորհելու դեմ բողոքի ցույց կանցկացվի

PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին կառավարության շենքի մոտ բողոքի ցույց կանցկացվի 1996-ին համակուրսեցու սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը։

Ավելի վաղ համացանցում լուրեր շրջանառվեցին, որ ՀՀ ներման հանձնաժողովը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին:

Ցույցի կազմակերպիչներն են 23 տարի առաջ սպանված 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հարազատները, ինչպես նաև նրա հոր՝ ակադեմիկոս Միխայիլ Աղաջանովի գործընկեր բժիշկները: Ցույցը տեղի կունենա ժամոը 13:00-ին: Միևնույն ժամանակ Նարեկ Մալյանն իր էջում տեսանյութ է հրապարակել 1996-ին սպանվածի դին հայտնաբերելու և Մհեր Ենոքյանի և նրա հանցակցի հարցաքննության վերաբերյալ:

Ավելի վաղ սպանվածի ընտանիքը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին և նախագահին՝ Ենոքյանի ներման հնարավոր որոշումը վերանայելու վերաբերյալ, իսկ Երևանի բժշկական համալսարանի ռեկտորն ու մի խումբ բժիշկներ ստորագրահավաք են նախաձեռնել ներում շնորհելու դեմ:

Հունվարի PanARMENIAN.Net ի հարցին ի պատասախան, թե արդյոք ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Ենոքյանի խնդրագրին, ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը շեշտել է, որ ՀՀ ներման հանձնաժողովի նիստերի օրակարգը ենթակա չէ հրապարակման:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ՀՀ նախագահը Ենոքյանին ներում շնորհելու միջնորդություն չի ստացել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից: ՀՀ նախագահի աշխատակազմը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է ներման խնդրագիրը ներկայացրած անձին, նախարարություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---