Փաշինյանը Շվեյցարիայում քննարկել է ՀՀ-ում ներդրումների հեռանկարները

Փաշինյանը Շվեյցարիայում քննարկել է ՀՀ-ում ներդրումների հեռանկարները

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում մի խումբ գործարարների հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:

Մասնավորապես, վարչապետը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանի հետ քննարկել է դեղագործության ոլորտում Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մայք Բարոնյանը նշել է, որ այժմ երևանյան ընկերությունն զբաղվում է հումքի վերամշակմամբ, և իրենց նպատակն է Հայաստանում կազմակերպել նաև դեղերի արտադրություն ու իրականացնել արտահանում: Նախատեսվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ներդնել մեկ տասնյակից ավելի միլիոն դոլար` ստեղծելով բարձր աշխատավարձով նոր աշխատատեղեր: Մայք Բարոնյանը վարչապետին է ներկայացրել նաև նորագույն տեխնոլոգիաների միջոցով էներգիայի արտադրությանը և պղնձի վերամշակմանն առնչվող ներդրումային այլ ծրագրեր:

Շվեյցարացի գործարար Հանս Շվեյկարդը ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել արևային էներգիայի արտադրության խոշոր ներդրումային ծրագիր: Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շվեյկարդի նախաձեռնությունը և ներկայացրել էներգետիկայի ոլորտում կառավարության առաջիկա տարիների ռազմավարությունն ու այդ բնագավառի զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է գործարարին ծրագիրը կյանքի կոչելու հետ կապված հարցերը քննարկել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ` այն արդյունավետ իրականացնելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակությանը` կազմված մի խումբ գործարարներից: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, շինարարության, բանկային համակարգի, ոսկեգործության, ժամագործության և մասնագիտական կրթության ոլորտներում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Վարչապետը կարևորել է ներկայացված ծրագրերի իրականացումը և հայտնել կառավարության պատրաստակամությունը` առկա գործիքակազմերի շրջանակում օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը և շահագրգռված է Հայաստանում նոր ներդրումների իրականացմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ:

Նիկոլ Փաշինյանը Վարդան Սրմաքեշի հետ քննարկել է նաև «Հին Երևան» ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարն ընդգծել է պատմամշակութային հուշարձանների պահպանության սկզբունքի կարևորությունը և այդ շենքերի նկատմամբ մաքսիմալ խնամք ապահովելու անհրաժեշտությունը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Դավոսի ամենամյա տնտեսական համաժողովին: Վերջին անգամ Հայաստանը Դավոսի ամենամյա տնտեսական համաժողովին մասնակցել էր 2018-ի հունվարին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի մակարդակով 9-ամյա ընդմիջումից հետո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---