Տոնոյան.Մարտի 1-ի քրգործերն ազդում են ԶՈւ տրամադրության վրա

Տոնոյան.Մարտի 1-ի քրգործերն ազդում են ԶՈւ տրամադրության վրա

PanARMENIAN.Net - Մարտի 1 գործով հարուցված քրեական գործերն ազդում են Զինված ուժերի տրամադրության վրա: Այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե քրեական գործերը, որոնք հարուցվել են, մասնավորապես «Մարտի 1-ի» գործով, արդյո՞ք հարված են հասցնում Զինված ուժերին, ինչի մասին օրերս ահազանգել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որ 2008-ին ԶՈՒ ԳՇ պետ էր , անդրադարձել էր պաշտպանության նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանի N0038 հրամանին ու հայկական բանակի շուրջ քրեաիրավական կրքերին։

«Իհարկե, Զինված ուժերի տրամադրության վրա ազդում է, բայց մենք հաղթահարում ենք և անում ենք առավելը»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե իր խորհրդականներից Էնրիկո Ապրիամովի վերաբերյալ մամուլում եղան հրապարակումներ, որ նա 2008 թվականին շրջել էր վաշտ առ վաշտ և զինվորականներին հրահանգել ընտրել Սերժ Սարգսյանին՝ պաշտպանության նախարարն ասել է, որ նման տեղեկատվություն չունի, կարդացել է նախկին զինծառայողներից մեկի այդ հայտարարությունը, բայց դա ստուգման կարիք ունի։ «Շատերը կարող են ասել, դրա համար կան համապատասխան մարմիններ, թող զբաղվեն», -նշել է Տոնոյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախարարությունում եղել են պարգևավճարներ և ի՞նչ չափի՝ նախարարն ասել է, որ 2018-ի ընթացքում բավականին մեծ ծավալի ֆինանսներ են տրամադրել պարգևավճարների համար, որոնք գոյացել են իրենց խնայողություններից, որոնք չեն ուղղվել ինչ-ինչ ձեռքբերումների, այլ տրամադրվել են անձնակազմին՝ որպես հավելավճար։

«Առաջին հերթին տրամադրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմին։ Եթե չեմ սխալվում, երկու անգամ», - ասել է Տոնոյանը։

Սեյրան Օհանյանն իր ուղերձում գրել էր. «Մարտիմեկյան ողբերգության բացահայտումը ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ է, բայց նրա շրջանակներում իրականությունը խեղաթյուրող յուրաքանչյուր փորձ, որի նպատակը ոչ թե սպանությունների բացահայտումն է, այլ իրենց ցանկալի վարկածի պարտադրումը, այն է՝ զինված ուժերին մեղսագրել տարբեր հանցագործություններ, դիտարկում եմ որպես միտումնավոր, ակնհայտ ոտնձգություն հայկական զինված ուժերի նկատմամբ։

Իմ տպավորությամբ, հեղինակազրկելով բանակի բարձրաստիճան հրամանատարությանը, վարկածներ հնարելով և շրջանառելով, որ բանակը կրակել է ժողովրդի վրա, փորձ է արվում սեպ խրել բանակի և ժողովրդի մեջ։Գուցե նպատակը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստե՞լն» է»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---