Կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական գործակցությունը կխորացվի

Կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական գործակցությունը կխորացվի

PanARMENIAN.Net - Հայաստանը կարևորում է ՌԴ հետ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում կրթության ոլորտի կառուցողական համագործակցությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի և Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») տնօրեն Սերգեյ Ռիբինսկիի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության խորացման հեռանկարները։ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Մոսկվայում կայանալիք հանձնաժողովի նիստը խթան կհանդիսանա կրթության ոլորտում հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Սերգեյ Ռիբինսկին գոհունակությամբ է խոսել հայ-ռուսական համագործակցության ներկայիս մակարդակի մասին և պատրաստակամություն հայտնել շարունակել արդյունավետ փոխգործակցությունը կրթության և գիտության ոլորտներում։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում գործող ռուսերեն ուսուցմամբ դասարանների գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր: Այս համատեքստում, դեսպանի խնդրանքով՝ ՀՀ ԿԳ նախարարն անդրադարձել է հայոց լեզվի միասնական քննությանը՝ ընդգծելով, որ հայոց լեզվի ուսուցման առանձնահատկություններից ելնելով, օտարերկրյա աշակերտների համար որոշակի ժամանակաշրջան է սահմանված:

Անդրադարձ է եղել Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2019-20 ուստարվա համար ՀՀ ԿԳՆ-ի և ՌԴ գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ անցկացվող մրցույթին վերաբերող հարցերին: Ռուսական կողմը պատրստակամություն է հայտնել մրցույթի շրջանակում ՌԴ բուհերում որոշակի տեղեր հատկացնել նաև Հայաստանի հանրակրթական հաստատությունների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների վերապատրաստման նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերվող մի շարք հարցեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---