Փաշինյան. ԵԱՀԿ-ն խոստացել է օգնել հանրային միջոցները պետությանը վերադարձնելու հարցում

Փաշինյան. ԵԱՀԿ-ն խոստացել է օգնել հանրային միջոցները պետությանը վերադարձնելու հարցում

PanARMENIAN.Net - Կոռուպցիայի դեմ պայքարը չափազանց կարևոր է՝ Հայաստանում օրենքի գերակայություն հաստատելու առումով: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին:

Նա ընդգծել է, որ պետությունից թալանված միջոցները պետք է վերադարձվեն: «Մենք հուսով ենք, որ մեզ կհաջողվի արդյունավետ համագործակցություն ծավալել Եվրոպական միության հետ այդ նպատակին հասնելու համար: Մեզ համար չափազանց կարևոր է, որ ԵԱՀԿ-նխոստացել է օգնել Հայաստանի կառավարությանը՝ հանրային միջոցները պետությանը վերադարձնելու հարցում», - նշել է նա:

«Հարուցվել են մի շարք քրեական գործեր նախկին պաշտոնյաների նկատմամբ: Այդ ուղղությամբ բացահայտումները կշարունակվեն, և դատարանները պետք է որոշեն այդ քրեական գործերի ճակատագիրը: Այդ առումով չափազանց կարևոր է ապահովել դատարանների անկախությունը», - նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով, ՀՀ կառավարությունը սկզբից ևեթ ջանքեր է գործադրել՝ վերջ դնելու դատարանների որոշումների վրա ազդելու արատավոր գործելակերպին:

«Բայց ես վստահ չեմ, որ նախկին իշխանությունները, կամ եթե կուզեք օլիգարխիան, այլևս չեն օգտվում դատարանների որոշումների վրա ազդելու իրենց լծակներից ու գործիքներից: Այդուհանդերձ, մենք չենք պատրաստվում որևէ կերպ ներգործել դատարանների որոշումների վրա. մեր նպատակն է դատական համակարգը դարձնել իրապես անկախ», - ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելել է նաև, որ անհրաժեշտ է ստեղծել ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ: «Անշուշտ, պետք է շարունակենք կատարելագործել ընտրական համակարգը, ուստի այդ ուղղությամբ մենք պետք է արդյունավետ համագործակցենք Եվրոպական միության հետ:Մենք տեսնում ենք, որ մեր եվրոպական գործընկերները պատրաստ են աջակցել մեզ: Այստեղ ես կուզենայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք ամբողջությամբ իրագործել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, քանի որ համոզված ենք, որ այն լիովին համապատասխանում է մեր ներքին օրակարգին և նպատակներին»,-ասել է վարչապետը: :

Մարտի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, դատական համակարգի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այլն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---