Արցախի ԱԳՆ. Բաքվի` ԼՂ հարցի ուժային լուծման փորձի դեպքում բոլոր միջոցները կձեռնարկվեն

Արցախի ԱԳՆ. Բաքվի` ԼՂ հարցի ուժային լուծման փորձի դեպքում բոլոր միջոցները կձեռնարկվեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու փորձի դեպքում կձեռնարկվեն ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները` ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան, Արցախի քաղաքացիների` սեփական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը պաշտպանելու համար»։ Այդ մասին ասվում է 2016 թ. ապրիլյան պատերազմի կապակցությամբ Արցախի արտգործնախարարությունը հայտարարության մեջ:

«Ուղիղ երեք տարի առաջ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսի 12-ին ձեռք բերված կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնագրով ամրագրված հրադադարի ռեժիմը, Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով նախաձեռնել է պատերազմական գործողություններ։ Ադրբեջանական զինված ուժերը ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական օդուժի կիրառմամբ հրետակոծման են ենթարկել ոչ միայն Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում։ Միայն չորս օր անց՝ 2016 թ. ապրիլի 5-ին, զգալի կորուստներ կրելով, Ադրբեջանը ստիպված էր ռազմական գործողությունների դադարեցում խնդրել Ռուսաստանի միջնորդությամբ։

Հարձակողական գործողությունների ծավալն ու ինտենսիվությունը, օգտագործված զինտեխնիկայի և կենդանի ուժի քանակը, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունները վկայում են, որ ապրիլյան իրադարձությունները ոչ այլ ինչ էին, քան նախօրոք ծրագրված ռազմական ագրեսիա։ Ադրբեջանը նպատակ էր հետապնդում զավթել Արցախի ողջ տարածքը՝ փորձելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծել ուժի կիրառման միջոցով, որը, սակայն չհաջողվեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ուղեկցվում էին միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով և պատերազմական հանցագործություններով։ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից հետևողական աշխատանքներ են իրականացվել՝ միջազգային հանրությանը, այդ թվում՝ մասնագիտացված կառույցներին և ատյաններին իրազեկելու իրագործված ոճրագործությունների մասին։ Համոզված լինելով, որ նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, Արցախի Հանրապետությունը կշարունակի ջանքեր գործադրել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։

«Ռազմական գործողությունների ավարտից հետո անցել է երեք տարի, սակայն դեռ արդիական է Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները զսպելու միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ապահովելու 1994 թ. մայիսի 12-ի և 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերի լիակատար իրագործումը։ Անհրաժեշտ է նաև ներդնել հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմներ, և հատկապես ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման միջոցով»,-ասվում է հայտարարության մեջ։

Ապրիլյան պատերազմից 3 տարի է անցել:

2016 թվականի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավելի վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել էին ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---