3 ապրիլի 2019 - 12:35 AMT
Լևոն Մնացականյան. Ռազմական գործողություններ վաղ թե ուշ կլինեն՝ ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի

Արցախի պաշտպանության պաշտոնաթող նախարար, Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը, Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում խոսելով նոր պատերազմի հավանականության մասին, ասել է, որ Արցախը դե ֆակտո անկախ է, ինչը պետք է հաստատվի նաև դե յուրե, և այդ հարցի լուծման ճանապարհը ռազմական գործողություններն են, որոնք վաղ թե ուշ կլինեն, թեև արտաքուստ իրավիճակը խաղաղ է թվում։

«Իրավիճակը արտաքինից կարելի է ասել, որ հանգիստ է։ Բայց եթե մենք իրավիճակին նայենք, կարող է սխալվենք»,-ասել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»::

Նա նշել է, որ հակառակորդը ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ամեն օր ընդլայնում է իր զինանոցը, ամեն օր իրականցնում է դրանց յուրացման պարապմունքներ, դրա համար ընդգրկում է հրահանգիչներ տարբեր երկրներից, որի համար իհարկե վճարում է։ «Չեմ կարծում, որ այդքանը արվում է խաղաղության համար»,-ասել է Լևոն Մնացականյանը:

«Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, և մեր պարագայում ավելի շատ հակված եմ ասելու, որ պատերազմ լինելու է, որովհետև վերջիվերջո անկախությունը դե ֆակտո կա, պետք է հաստատվի նաև դե յուրե: Մենք գիտենք, որ մյուս կողմը դրա համաձայնությունը չի տա, և պետք է հարցը լուծվի։ Հարցի լուծման միակ ճանապարհը, կարծում եմ, ռազմականն է, և պետք է պատրաստվենք մարտական գործողությունների։ Վաղ թե ուշ այդ գործողությունները կլինեն»,- եզրափակել է ՊԲ նախկին հրամանատարը։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ տարածքներ՝ անվտանգության դիմաց ձևաչափ չի լինելու: «Ես, որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ հակառակը․ նոր պատերազմ՝ նոր տարածքներ։ Ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ»,-ասել է նախարարը։

Նա հայտարարել է նաև, որ ավելացնելու է գրոհային ստորաբաժանումների քանակը՝ հրաժարվելով միայն պաշտպանական մոտեցումից: