Փաշինյան. Բոլոր վարկերին դեմ եմ քվեարկել, քանի որ չեմ վստահել նախորդ գործադիրին, հիմա այլ իրավիճակ է

Փաշինյան. Բոլոր վարկերին դեմ եմ քվեարկել, քանի որ չեմ վստահել նախորդ գործադիրին, հիմա այլ իրավիճակ է

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցերին, հիշել է իր պատգամավորական գործունեությունից մի դրվագ և ասել, որ նախկինում ինքը բոլոր վարկային ծրագրերին դեմ է քվեարկել, քանի որ չի վստահել նախորդ կառավարությանը։

Սակայն այժմ իրավիճակն այլ է. «Ես հիմա համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա կառավարություն, որը վայելում է ժողովրդի վստահության քվեն և ըստ անհրաժեշտության, կարող է վարկեր վերցնել։ Նույնը վերաբերում է կարմիր գծերին, տեսախցիկներին։ Ես 90 թվականից շատ բաների մասին եմ խոսել և 20 տարվա խոսացածը մեկ տարում իրականություն դարձնելու համար ամեն ինչ արել եմ», հայտնում է Aysor.am-ը։

Գործադիրի ղեկավարը հստակեցրել է, որ ինքը նախկինում դժգոհել է կարմիր գծերով կայանատեղիում վճարվող 100 դրամ վարձի համար, քանի որ այդ գումարը գնում էր կոնկրետ մարդկանց գրպանը։ «Ու հիմա այդ ընկերությունը, որը գանձում էր այդ 100 դրամները, բազմամիլիոնանոց պարտքը թողել է քաղաքապետարանի վրա ու գնացել է զբաղվում է իր գործերով։ Մենք այդ ամենը պետք է հաշվի առնենք։ Ո՞րն է ձեր պրետենզիան», - լրագողին հակադարձել է վարչապետը։

Դիտարկմանը, թե ժողովուրդը ավելին է ակնկալում նոր կառավարությունից, վարչապետն արձագանքել է. «Ճիշտ է անում, որ ժողովուրդը ավելին է ակնկալում, և մենք ժողովրդի համար ստեղծում ենք այդ ամենը»։

Վարչապետը նաև հավելել է՝ 50 հազար աշխատատեղ մեկ տարվա ընթացքում դուրս է բերվել ստվերից կամ ստեղծվել է, 40 մլրդ դրամով գերակատարելու են պետբյուջեի եկամտային մասը, ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու են, ԱԱԾ սահմանապահ զորքերի, ոստիկանության աշխատավարձերը արդեն բարձրացել են, 205 հազար մարդու աշխատավարձ հուլիսի 1-ից արդեն բարձրացել է, բուժաշխատողների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացել է, Հայաստանում տեղի են ունեցել ժողովրդավարական ընտրություններ, Հայաստանում մուտքի շուկայի որևէ արգելք չկա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---