Գլխավոր դատախազ. 2018-ին մեղադրյալների քանակն աճել է, իսկ կալանքի միջնորդությունների թիվը՝ նվազել

Գլխավոր դատախազ. 2018-ին մեղադրյալների քանակն աճել է, իսկ կալանքի միջնորդությունների թիվը՝ նվազել

PanARMENIAN.Net - 2018-ին մեղադրյալների քանակն աճել է, բայց նրանք այժմ ավելի քիչ են կալանավորվում: Այդ մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով 2018 թվականի գործունեության հաշվետվությունը:

Նա հավելել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները դասեր են քաղել Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից՝ նշելով, որ բացի ՄԻԵԴ վճիռները, ուսումնասիրել են նաև եվրոպական դատարանի նախադեպային իրավունք ու սահմանել գործնական ուղենիշեր, հայտնում է Aysor.am-ը։

«Այդ ուղենիշերը քրեական հետապնդման մարմինների համար սեղանի գրքեր են դարձել այժմ։ Իմ գնահատմամբ, սրանք շատ կարճ ժամանակահատվածում լուրջ արդյունքներ են տվել», - հայտարարել է պաշտոնյան։ Իսկ արդյունքն այն է, որ մեղադրյալներին այժմ ավելի քիչ են կալանավորում։

«2018-ին տարբեր քրեական գործերով անցնող մեղադրյալների քանակը 10 տոկոսով ավելի է եղել, քան՝ 2017-ին և դա այն պայմաններում, երբ 2018-ին 20 տոկոսով ավելի պակաս կալանքի միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Այսինքն՝ մեղադրյալների քանակը աճել է, իսկ կալանքի միջնորդությունների թիվը՝ նվազել։ Սա խոսում է այն մասին, որ իսկապես կալանավորման որպես խափանման միջոց ընտրելու հարցին գնալը անցնում էր լուրջ քննարկման փուլ», - հավելել է Դավթյանը։

Մասնավորապես, ըստ գլխավոր դատախազի, ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների դեպքում փորձում են չկալանավորել և կալանքի գնում են միայն այն դեպքում, երբ կունենան փաստ, որ մեղադրյալը խոչընդոտոմ է քննությանը։ Սակայն, պատկերն այլ է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում. մեղադրյալները կալանավորվում են։

Բացի այդ, ըստ գլխավոր դատախազի, էապես աճել է գրավը որպես խափանման միջոց ընտրելու դեպքերը։ Նրա խոսքով՝ այլ ելք չկա, քանի որ հայաստանյան օրենսդրությունը խափանման միջոցների սահմանափակ տեսականի ունի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---