Խաժակյան. Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը բյուջեին տարեկան 2 մլրդ դրամ բեռ կավելացնի

Խաժակյան. Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը բյուջեին տարեկան 2 մլրդ դրամ բեռ կավելացնի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը Երևանի բյուջեին տարեկան 2 մլրդ դրամ բեռ կավելացնի: Այդ մասին իր ֆեյսբուքյան եթերում հայտարարել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների ու նրանց տեղակալների աշխատավարձերի բարձրացումը որակելով որպես քաղաքի բյուջեի մսխում։

Ուսումնասիրելով աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը, որը քննարկվելու է ավագանու մայիսի 8-ի նիստում՝ Խաժակյանը նշել է, որ օրինագծով քաղաքապետի աշխատավարձն ավելանալու է ավելի քան 100 տոկոսով՝ 575 հազար դրամից դառնալով 1 մլն 200 հազար դրամ: «Ստացվում է, որ ԱԱԾ պետը, ոստիկանապետը, ՊԵԿ ղեկավարը, ՊՎԾ պետը ավելի քիչ են ստանալու աշխատավարձ, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը»,-ասել է նա՝ խոսելով հաստիքների բևեռացման մասին:

Խաժակյանը նշել է, որ քաղաքապետարանի միջին և ստորին օղակների աշխատողների աշխատավարձերը բարձրացել են 25-30 տոկոսով, իսկ քաղաքապետի, տեղակալների, թաղապետերի, թաղապետների տեղակալների, թաղապետարանների աշխատակազմերի քարտուղարների աշխատավարձը կրկնապատկվում է։ Նա հավելել է, որ դրանով մեծ բևեռացում է տեղի ունենում։

Խաժակյանը չի ժխտել, որ պետք է բարձրացնել աշխատավարձերը, բայց, ըստ նրա, հաստիքացուցակների օպտիմալացումից հետո։ «Ուզում եմ հասկանալ, քաղաքապետին 7 խորհրդական ինչի՞ն է պետք, կամ 4 օգնական։ Ես այս թվերը համեմատում եմ վարչապետի աշխատակազմի հետ։ Վարչապետն ունի վճարովի հինգ խորհրդական։... Ամեն խորհրդականի մի գործավար, մի վարորդ, մի մեքենա է հասնում»,-նշել է Խաժակյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---