Նախագահ. Կարևոր է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտներն ու արժեքները

Նախագահ. Կարևոր է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտներն ու արժեքները

PanARMENIAN.Net - Հայաստանի համար կարևոր է ժողովրդավարական ինստիտուտների ու արժեքների ամրապնդումը: Այդ մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ հյուրընկալելով իր հրավերով Հայաստան ժամանած «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի» (Global Leadership Foundation) պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում ենն 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին:

Նախագահը ողջունել է միջազգային հեղինակավոր խորհրդատվական կառույցի ներկայացուցիչների այցը Հայաստան և մանրամասներ ներկայացնել վերջին մեկ տարում Հայաստանում կատարված փոփոխությունների մասին: «Մեր երկրի համար կարևոր է բոլոր ուղղություններով զարգացումը, ժողովրդավարական ինստիտուտների ու արժեքների ամրապնդումը: Այս առումով «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի» խորհրդատվական աջակցությունն օգտակար ու արժեքավոր կարող է լինել ժողովրդավարական զարգացման ուղին որդեգրած Հայաստանի համար»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել Հայաստանի նախագահին հրավերի համար՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցություն ցուցաբերել մեր երկրի զարգացմանը: Նրանք ընդգծել են, որ այցի ընթացքում կձգտեն առավելագույնս տեղեկանալ, թե որ ոլորտներում և ինչպես կարող են իրենց ներդրումն ունենալ: «Դուք այժմ ձգտում եք կառուցել իսկապես հիանալի ու ժողովրդավարական երկիր: Մենք բոլորս հիացած ենք ձեր երկրով, այդ իսկ պատճառով այստեղ ենք»,-ասել է Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը:

«Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ը շահույթ չհետապնդող, անկախ կառույց է, որը ողջ աշխարհում աջակցում է քաղաքական առաջնորդներին՝ նրանց համար հասանելի դարձնելով նախկին ղեկավարների փորձառությունը: Հիմնադրումից ի վեր՝ 2004 թվականից հիմնադրամը խորհրդատվություն է մատուցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգությունը, անվտանգության ոլորտի արդիականացումը, ահաբեկչական կազմակերպություններին դիմակայումը և գերիների ազատ արձակումը, քաղաքական հաշտեցումն ու միջազգային համաձայնագրերի կիրառումը, ընտրություններն ու տնտեսական բարեփոխումները, առևտուրն ու ռեսուրսների կառավարումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, հումանիտար օգնության հասանելիությունը, հակամարտությունների կառավարումը և այլն:

Հիմնադրամի անդամները պետությունների կամ կառավարությունների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք են: 2006-2013 թվականներին հիմնադրամի խորհրդի անդամ է եղել Արմեն Սարգսյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---