Կոռուպցիոն սխեմաներ՝ ԲԷՑ-ում. Վնասը 1.109 մլրդ դրամ է կազմել

Կոռուպցիոն սխեմաներ՝ ԲԷՑ-ում. Վնասը  1.109 մլրդ դրամ է կազմել

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների և չարաշահումների դեպքերով հարուցված քրգործերով պարզել է, որ տարիներ շարունակ գործել է կազմակերպված կոռուպցիոն սխեմա:

ՓԲԸ-ի պաշտոնատար անձինք, կապալային աշխատանքների կատարման վերաբերյալ կնքված պայմանագրերով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, չիրականացված աշխատանքների ծավալների հավելագրումներ են կատարել: Իսկ ընկերության աշխատակիցների կողմից կազմվել և ստորագրվել են աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր: Այս սխեմայով հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Պարզվել է նաև, որ ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված՝ ՓԲԸ-ին պատկանող առանձնապես խոշոր չափի նյութական և ֆինանսական միջոցները, իսկ ՓԲԸ ծառայողների կողմից գնումների կազմակերպման և անցկացման գործընթացում շահագրգռվածություն ցուցաբերելու արդյունքում պայմանագրային աշխատանքների կատարման գործընթացում կատարվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:

Բացի այդ, ՓԲԸ-ի տարբեր հաստիքներում աշխատանքի են ընդունվել տնօրենի մտերիմ անձինք՝ ովքեր տևական ժամանակ տնօրենի գիտությամբ և թողտվությամբ չեն հաճախել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, սակայն դրա դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի աշխատավարձ: Այս մեխանիզմով ևս վատնման եղանակով «ԲԷՑ» ՓԲԸ-ից հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Վերոնշյալ կոռուպցիոն կազմակերպված սխեմաներով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների և չարաշահումների հանցագործության դեպքերով 2018-2019-ի ընթացքում ՀՀ դատախազության, ՀՀ իրավասու այլ մարմինների վարույթում հարուցվել և քննվում է ընդհանուրը 7 քրեական գործ:

Դրանք հարուցվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված), առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդված) և պաշտոնեական անփութության (ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդված) հատկանիշներով:

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ նշված քրեական գործերով նախնական հաշվարկով պատճառված վնասը կազմել է մոտ 1.109 մլրդ դրամ, որից նախաքննության ընթացքում արդեն վերականգնվել է 20 մլն-ը:

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---