Գրիգորյանի խափանման միջոցի քննությունը հետաձգվել է. Պաշտպանները կրկին դիմել են ՄԻԵԴ

Գրիգորյանի խափանման միջոցի քննությունը հետաձգվել է. Պաշտպանները կրկին դիմել են ՄԻԵԴ

PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ դատարանում հունիսի 7-ին պետք է տեղի ունենար ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը։ Նիստը հետաձգվել է, քանի որ, փաստաբան Արսեն Մկրտչյանի խոսքով, կա լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման և հետազոտման կարիք։

Նա նշել է, որ իրենք միշտ էլ պնդել են, որ Գրիգորյանին կալանքի տակ գտնվելն իրավաչափ չէ, երբեք իրավաչափ չի եղել, իսկ հիմա, երբ առողջական վիճակի վատթարացումն ակնհայտ է, դարձել է էլ ավելի ոչ իրավաչափ, հայտնում է Panorama.am-ը։

Կալանքի տակ գտնվող, այս պահին քաղաքացիական հիվանդանոցում բուժվող Մանվել Գրիգորյանի պաշտպանները կրկին դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը ասել է նաև, որ ՄԻԵԴ-ն իրենց իրավունք էր վերապահել կրկին դիմել, եթե Մանվել Գրիգորյանը չստանա բավարար բուժում։ «Նա չի ստացել այդ բավարար բուժումը, դրա խոչընդոտն ակնհայտորեն եղել է։ Այդ հիմքով դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասել է փաստաբանը։

Գրիգորյանի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանն անթույլատրել է համարում, որ մեղադրյալը մնա կալանքի տակ: «Ցանկանում են հիվանդ մարդուն ամեն կերպ պահել կալանքի տակ՝ հնարավորություն չընձեռելով, որպեսզի արդարադատության առաջ կանգնի հնարավորինս առողջ վիճակում»,- նշեց նա։

Հաջորդ նիստը հունիսի 11-ին է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է և նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Վիճակը գնահատվում է ծանր: Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գեներալ Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից, հրաժարվում է նաև դեղամիջոցներ ընդունել` այդ թվում շաքարային դիաբետի համար:

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է 2018-ի հունիսին։ Դեկտեմբերի 22-ին նրա խափանման միջոց կալանքը փոխվեց 25 մլն դրամ գրավով։ Փետրվարին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկեց որոշումը Վերաքննիչ դատարանում, վերջինս էլ բավարարեց բողոքը և կրկին կալանավորեց Մանվել Գրիգորյանին։ Քրեական գործով անցնող մյուս ամբաստանյալի՝ Նազիկ Ամիրյանի նկատմամբ ընտրված է չհեռանալու մասին ստորագրությունը։ Որդին՝ Արման Գրիգորյանը, հետախուզվում է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---