Դատավորը մերժել է Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը

Դատավորը մերժել է Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է ինքնաբացարկի վերաբերյալ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի՝ իրեն ներկայացրած միջնորդությունը։ Այդ մասին հայտարարել է դատավորը՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից։

Խուդոյանը հայտարարել էր, որ միջնորդությունը կապված է երեկվա դատական նիստում նախագահողի գործողությունների հետ։ Մեղադրող կողմն ու տուժողի իրավահաջորդ Սեդա Սաֆարյանը ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունն անհիմն էին համարել, հայտնում է Panorama.am-ը:

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, քննվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները։

Դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին ազատել կալանքից՝ ԼՂՀ ներկայիս և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Մայիսի 20-ին նույն դատավորը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու առաջադրված մեղադրանքների համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---