ՄԻՊ-ը կանանց և ընտանեկան բռնության դեմ իրազեկման արշավ է սկսում

ՄԻՊ-ը   կանանց  և ընտանեկան բռնության դեմ  իրազեկման  արշավ է սկսում

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սկսում է կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման իրազեկմանն ուղղված միջոցառումներ #դեմեմբռնությանը հեշթեգով, հայտնել է ՄԻՊ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ պայքարելով կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության դեմ՝ մենք ստեղծում ենք ամուր ընտանիք, ապահով միջավայր և առողջ հասարակություն:

Իրազեկման միջոցառումների շրջանակում նախատեսվում է #դեմեմբռնությանը հեշթեգի և ամուր ու համերաշխ ընտանիքի օրինակով պատրաստված Facebook շրջանակի (frame) տարածում: Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ Երևանի և մի շարք մարզային կանգառներում տեղադրել վահանակներ, որոնք ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ (այս մասին պատրաստվել է ուղեցույցային հատուկ տեսանյութ), ընտանիքում սիրո ու համերաշխության կարևորության վերաբերյալ տեսանյութի տարածում մարզային հեռուստաընկերություններով, սոցիալական ցանցերով:

Նախատեսվում է նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի իրազեկման վերաբերյալ տեսանյութի տարածում մարզային հեռուստաընկերություններով, սոցիալական ցանցերով, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն բուկլետների տարածում ընտանիքում բռնության խնդիրներով Պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ, ընտանիքում բռնության խնդիրներով Պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ բրայլյան գրով տպագրված բուկլետների տարածում շահագրգիռ անձանց շրջանում, ընտանիքում բռնության վերաբերյալ հարցերով Պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով անհրաժեշտ կոնտակտային տվյալների վերաբերյալ մշակված տեղեկատվական թերթիկի տարածում գրախանութներով, որոնց վրա առկա նկարն ակտիվանում է Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ:

Կիրականացվի նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար մշակված՝ ընտանիքում բռնության հարցերի վերաբերյալ անգլերեն և հայերեն ուղեցույցների տարածում, Պաշտպանի աշխատակազմի թեժ գծով խորհրդատվություն տրամադրող աշխատակիցների համար ընտանիքում բռնության հարցերի վերաբերյալ անգլերեն և հայերեն մշակված գրպանի ուղեցույցների տարածում, կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելմանն ուղղված քննարկումներ Գեղարքունիքի մարզում շահագրգիռ մարմինների մասնակցությամբ, ինչպես նաև իրազեկման միջոցառումների շրջանակում կատարված աշխատանքների ներկայացում:

Իրազեկման միջոցառումներն իրականացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ:

Առաջարկում ենք մասնակից դառնալ #դեմեմբռնությանը կոչի տարածմանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ օգտագործելով համապատասխան շրջանակը էջի գլխավոր լուսանկարում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---