ՄԻՊ. «Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին

ՄԻՊ. «Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնում «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Երեխաների քաղաք» ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից տրված դրական եզրակացության վերաբերյալ:

Պաշտպանի դիրքորոշմամբ ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:

Նշվում է, որ ծրագրի իրականացումն այս տարբերակով կնպաստի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների նկատմամբ կարծրատիպերի և խարանի խորացմանը։

Մասնավորապես, Պաշտպանն արձանագրել է հետևյալ հիմնարար նկատառումները՝

• Սոցիալական տարբեր խմբերին պատկանող և հաշմանդամություն ունեցող երեխաներին իրենց համայնքներից տեղափոխելը և նրանց համար հատուկ կառուցվող բնակավայրում տեղավորելը հակասում է համայնքում ապրելու հավասար իրավունքին («Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա),

• Քաղաքի կառուցումը հակասում է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Երեխայակենտրոն քաղաք» ծրագրի սկզբունքներին: «Երեխայակենտրոն քաղաք» ստեղծելը չի նախատեսում մեկուսացած բնակավայրերի կառուցում: Ավելի քան 35 երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր երկրներն էլ կարևորում են համայնքի ողջ բնակչության ներգրավվածությունը երեխայակենտրոն քաղաքների ստեղծման գործում, այլ ոչ թե դրա կառուցումը երեխաներին հասարակությունից մեկուսացնելու կամ առանձնացնելու սկզբունքով,

• Ծրագրով նախատեսված միայն կրթության և ինքնազարգացման սահմանափակ հնարավորությունների պայմաններում ապրող երեխաների և հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությամբ կրթությունը խնդրահարույց է երեխաների ներառականության տեսանկյունից:

Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բարձր առաքելությամբ: Պետությունը պետք է աջակցի, պաշտպանի և ապահովի, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեքորեն և հավասարապես իրացնեն իրենց իրավունքները, ինչպես նաև ապահովվի հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ: Պաշտպանը դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ կառավարություն՝ առաջարկելով լրամշակել ծրագիրը՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահով, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

2019թ․ օգոստոսի 8-ին ՀՀ կառավարությունը չզեկուցվող փաթեթով ընդունել է որոշում, որի համաձայն Շահումյան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 14.913 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը և Տափերական համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 10.2 հա մակերեսով վարելահողը սեփականության իրավունքով տրամադրվում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը «Երեխաների քաղաք» բարեգործական ծրագրի իրականացման նպատակով։ Այն վերաբերվելու է մոտ 600 երեխայի կրթության և բնակության պայմանների կազմակերպմանը։ Ծրագրի ակնկալվող արդյունքն է՝ կրթության և ինքնազարգացման սահմանափակ հնարավորությունների պայմաններում ապրող, հաշմանդամություն ունեցողերեխաների կրթության, դաստիարակության և սոցիալական այլ խնդիրների լուծման և աջակցելու նպատակով «Երեխաների քաղաք» կառուցելը։

«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան կոչ է արել «Երեխաների քաղաք» ծրագրի իրականացման նպատակով հողատարածք նվիրաբերելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---