ԿԳՄՍՆ. Աշխատանքային օրինագծով բուհերը կկարողանան Հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը պարտադիր դարձնել

ԿԳՄՍՆ. Աշխատանքային օրինագծով բուհերը կկարողանան Հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը պարտադիր դարձնել

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարությունն արձագանքել է դժգոհություններին, որոնք վերաբերում են «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններին, մասնավորապես՝ ներկայացված աշխատանքային օրինագծով «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիրների ցանկից հանելու առաջարկի հետ:

Հայտարարության մեջ ասվում է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր:

Նշվում է նաև.

• Թեպետ աշխատանքային քննարկման նպատակով ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ բուհերից այս հարցին առնչվող դիտողություններ ու առաջարկներ գրեթե չեն ստացվել, սակայն օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Հետևաբար, նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում։

• Միևնույն ժամանակ, նախագծի աշխատանքային տարբերակում առկա սկզբունքներում հստակ ամրագրված են հայագիտական հետազոտությունների գերակայությունը, սփյուռքի համար հայագիտության զարգացման ու հայ մշակութային ժառանգության ճանաչման տարածման նպատակով մասնագետների պատրաստումը, ազգային ինքնության և համամարդկային արժեքների արմատավորումը։

• Նախատեսված է բազային ֆինանսավորման տրամադրում բուհերին` ազգային արժեք ներկայացնող գիտական ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման նպատակով։

• Ավելին՝ ՀՀ-ում ցանկացած բուհ ընդունվելու համար ՀՀ քաղաքացիները, անկախ ընտրած մասնագիտությունից, պարտավոր են հանձնել հայոց լեզվի միասնական քննություն։

«Այսպիսով, օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի և հայրենագիտության դերը, այլ ընդհակառակը, ամրագրում է այս կարևոր արժեքների սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է օրինագիծ ներկայացնել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարակները ոչ մասնագտական ֆակուլտետների պարտադիր ուսուցման ուսումնական ծրագրերից հանելու վերաբերյալ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---