Հուլիսի 20-ը՝ Շախմատի միջազգային օր. ՄԱԿ-ն ընդունել է ՀՀ հեղինակած բանաձևը

Հուլիսի 20-ը՝ Շախմատի միջազգային օր. ՄԱԿ-ն ընդունել է ՀՀ հեղինակած բանաձևը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը միաձայն ընդունել է «Շախմատի համաշխարհային օր» խորագրով բանաձև, որով հուլիսի 20-ը հռչակվում է որպես շախմատի համաշխարհային օր։

Բանաձևը, որը համահեղինակել են ՄԱԿ 53 անդամ պետություններ, ճանաչում է շախմատի ընձեռած հնարավորությունները Կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացման, այդ թվում՝ կրթության զարգացման, կանանց և աղջիկների կարողությունների ամրապնդման, ներառականությանը, փոխըմբռնմանը և հարգանքին նպաստելու գործում։

Այն նաև ամրագրում է, որ շախմատը՝ որպես արդարությանը, ներառականությանը և փոխադարձ հարգանքին նպաստող խաղ, կարող է դրական դեր ունենալ ժողովուրդների միջև հանդուրժողականության և փոխըմբռնման միջավայր ձևավորելու առումով։ ՄԱԿ անդամ պետություններին, ՄԱԿ համակարգի մարմիններին, այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին, գործարար շրջանակներին և քաղաքացիական հասարակությանը կոչ է արվում նշել շախմատի համաշխարհային օրը և տարածել շախմատի առավելությունները, այդ թվում՝ կրթության և հանրային իրազեկման միջոցով։

Ներկայացնելով բանաձևը՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշել է, որ շախմատը, հանդիսանալով հնագույն և համաշխարհային ճանաչում ունեցող մտավոր խաղերից մեկը, նպաստում է սոցիալական, քաղաքական և ռասայական անջրպետների հաղթահարմանը, նախապաշարմունքները փոխելուն և խտրականության դեմ պայքարին։Անդրադառնալով Հայաստանի ազգային ջանքերին շախմատի հանրայնացման գործում՝ ՀՀ դեսպանն ընդգծել է, որ շախմատը հայկական մշակույթի էական մասն է՝ հիշատակելով օլիմպիական և աշխարհի չեմպիոնի տիտղոսների նվաճումը հայ գրոսմայստերների կողմից։

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից Շախմատի համաշխարհային օրվա սահմանումը կարևոր հարթակ կընձեռի երկխոսությունը, համերաշխությունը և խաղաղության մշակույթն առաջ մղելու համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---